13 06 2020

Կառավարության որդեգրած «հպարտության» գինը վճարում ենք մենք. Էլինար Վարդանյան

Կառավարության որդեգրած «հպարտության» գինը վճարում ենք մենք. Էլինար Վարդանյան

Հայաստանում համաճարակի վիճակը հումանիտար աղետի կամ դժոխքի շրջանակներում է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Բացառապես հստակ ռազմավարության, նոր արդյունավետ կառավարման և միջազգային օգնության շնորհիվ է հնարավոր բեկում մտցնել։ Կառավարությունը սա համառորեն չի ուզում ընդունել։

Մենք դիմել էինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորին, առանձին կոչով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ գիտակցել իրենց առաքելությունը, օգտագործել իրենց հեղինակությունը և պարտադրել կառավարությանը փոխելու հակաճգնաժամային կառավարման ոճը և անհապաղ դիմելու միջազգային օգնության խնդրանքով։ Կառավարության որդեգրած «հպարտության» գինը վճարում ենք մենք, մեր քաղաքացիները իրենց առողջությամբ և կյանքով։

Մենք ուրախ ենք արձանագրել, որ սայլը, վերջապես, տեղից շարժվեց. մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանին։ Մի քանի օրից ՝ հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանի երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Հայաստան կայցելեն բժիշկներ Ֆրանսիայից, Լիտվայից, Ռուսաստանից։ Մասնագետների և թեստերի աջակցության պատրաստակամություն է հայտնել նաև Վրաստանը։

Հանուն արդարության, /անկախ այս կամ այն վիճահարույց օրենքը ստորագրելու կամ չստորագրելու մեր հստակ դիրքորոշման և վերաբերմունքից/, արձանագրում ենք, որ միջազգային օգնության կարևորման և կազմակերպման գործում մեծ դեր ունի նախագահ Ա. Սարգսյանը։ Բացելով փակագծերը՝ նա միակն է, որ պաշտոնապես արձագանքել է մեր կոչին, ամեն ինչում չէ, որ համաձայն է եղել մեզ հետ՝ դնելով հարցադրումներ, որոնք մենք հաշվի չէինք առել. կառավարությունը պետք է ձևակերպի օգնության անհրաժեշտ որակը և ծավալը, միայն այդ դեպքում է հնարավոր գրագետ դիմում միջազգային գործընկերներին։

Ես կուզեի, որ լիներ 88-ի արձագանքը, թեկուզ փաստարկված անհամաձայնությամբ, բայց իրենք իրենց զրկել են այդ իրավունքից։ Մեզ էլ հաճելի չէր ամեն օր բարձրաձայնել խնդիրը, վստահ լինելով, որ բախվելու ենք «նորհայաստանյան պատին»։ Բայց լավ հասկանում ենք դրա գինը՝ մարդկանց կյանքն ու առողջությունը, բազմաթիվ ընտանիքների ճակատագրերը։ Կարևորը գործն է, կարևորը թեկուզ ուշացած և տեղ հասնող միջազգային օգնությունն է, որը կփրկի կյանքեր։

Զուգահեռ կառավարությունը վերահաստատեց կորոնավիրուսի հաղթահարման իր սկզբունքային մոդելը՝ 1+1+1+1 բանաձևը, շեշտելով, որ մինչ այս թե՛ քաղաքացիները, թե՛ կառավարությունը հակահամաճարակային կանոնները չեն պահպանել պատշաճ մակարդակով։ Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց պետք է հստակ պատասխանել, որովհետև սխալի գինը՝ մարդկանց կյանքն ու առողջությունն է։

1+1+1+1-ի մասին. Սիրուն է հնչում, ինչ խոսք, բայց դարձյալ իր մեջ մեծ սխալ ունի, որը դարձյալ կարող է թանկ նստել։ Սխալն այն է, որ 1+1+1+1 բանաձևը գալիս է փոխարինելու կառավարության ոչ էֆեկտիվ աշխատանքին։

Ո՞րն է այդ քաղաքացու, տվյալ դեպքում մեկ կամ պլյուս մեկի մեղավորությունը կամ անելիքը, որ 3-4 օր վատ զգալով, չի կարողանում թեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում է թեստը և դրական պատասխանը ստանում 3-4 օր հետո։ Ընդհանուր առմամբ մոտ 10 օր լինելով հիվանդ՝ նա գնում է աշխատանքի, խանութ և այլն՝ դառնալով մեծ վտանգ շրջապատի համար։ Ո՞րն է այդ քաղաքացու մեղավորությունը, որ կառավարությունը չի կարողացել թեստեր ձեռք բերել, ինչն էլ դարձել է աղետի պատճառներից մեկը։

Ո՞րն է մեկի կամ պլյուս մեկի մեղքը, որ մայիսի 4-ին նրան հայտնում են սահմանափակումների վերացման մասին, և միայն մայիսի 18-ից պահանջում դիմակ կրել։ Ո՞րն է մեկի կամ պլյուս մեկի մեղավորությունը, որ կառավարությունը ողջ ճգնաժամային իրավիճակում անտեսեց, արհամարհեց հանրային գործիչների, առողջապահական ոլորտի և ճգնաժամի կառավարման փորձ ունեցող մասնագետների խորհուրդներն ու կոչերը»,- ասված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ