11 06 2020

Փաշինյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին

Փաշինյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Վարչապետը նախ նշել է, որ կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում կքննարկի երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի հատուկ նիստում:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում հունիսի 10-ին արձանագրված կորոնավիրուսի 566 նոր դեպքը արտահայտումն է նրա, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները: «Այսինքն, մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանն այդքան է: Մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի՝ Ազգային ժողովում քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի այս ընթացքում կատարվածին և հետագա անելիքներին:

Օգնություն մենք առաջին հերթին պատրաստվում ենք խնդրել ՀՀ քաղաքացիներից։

«Մեր ուղերձը հետեւյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, եւ եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք:

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթ թվերը մնան այս սանդղակում, ապա մեր առողջապահապան համակարգը արդեն պատրաստվել է այդ բեռը կրելուն: Բայց մյուս կողմից կան բարեկամ երկրներ, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին, պատրաստակամությունն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ այստեղ մեզ համար շատ կարեւոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել:

Մենք կարծում ենք, որ այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են եւ այն երկրները, որոնք մեր հանդեպ կանեն բարեկամական ժեստ, մենք այդ երկրների աջակցությունը կընդունենք: Այդ ժեստը առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական  եւ հետո միայն առողջապահական: Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք մեզ օգնում են, եւ իհարկե, պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»:

Վարչապետը նաև նշեց՝ կորոնավիրուսի պատմությունը չի ավարտվել, նոր-նոր սկսվել է: Երբ կավարտվի, այդ ժամանակ կամփոփենք արդյունքները:

«Էլի վերադառնալով պատերազմի տրամաբանությանը, ապա դա նույնն է, որ ասենք 1992 թվականի փետրվարին Հայաստանում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանը եւ Արցախը պարտվել են արցախյան ազատամարտում: Հիմա 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է եւ նրանք, որոնք ուզում են արձնագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ:

Երբ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, մենք կվերցնենք թուղթ ու գրիչը եւ կտեսնենք, թե ով ինչ է արել, ով ինչքան է պարտվել, ով որքան է հաղթել, եւ ՀՀ-ն ինչ է կորցրել, ինչ է ստացել դրա արդյունքում»,-ասաց Փաշինյանը:

Ես կարծում եմ, որ համավարակի հաղթահարումից հետո եւ նույնիսկ դրանից առաջ մենք պետք է քննության առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է քննենք եւ հանրայնորեն գնահատական տանք, թե իրենց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը եւ որքանով են նպաստել համավարակի տարածմանը: Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել  հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կամ ունեն կամ կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ:

Հիմա քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմում, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեությունը ծավալած անձինք եւ ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: 

Ոչ մեկը չկասկածի, որ այն դեպքերում, երբ այդ քայքայիչ գործունեությունը ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են կոնկրետ եւ համաժողովրդական գնահատականի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվելու մասին պնդմանը, վարչապետն ասաց. «Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել է ասենք ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ն, վեդիան, Գերմանիան եւ շատ այլ զարգացած ու գերզարգացած երկրներ: Եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես:

Այո, ՀՀ կառավարությունն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, որքան ունեն պրոբլեմներ իմ նշած աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ մարդկությունը»,-հայտարարեց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ