Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Խորհրդակցությանը հրավիրվել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ աշխատակազմը։
ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ:
«Շրջանակի հետ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու նատակով՝ անհրաժեշտ եմ համարում Արցախի խորհրդարանի հովանու ներքո կազմավորել Արցախում Կիպրոսի հետ բարեկամության շրջանակ»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:
Հրապարակելով Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակի կազմը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այն կընդլայնվի և իր գործունեությամբ կնպաստի ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ՝ Արցախի և Կիպրոսի միջև գործնական հարաբերությունների սերտացմանը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը գոհունակության և երախտիքի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, արտաքին գործերի նախարարությանը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերին՝ Կիպրոսում շրջանակի ստեղծման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը