Panorama.am-ը գրում է. Օրեր առաջ ֆեյսբուքյան մի գրառում կարդացի, մտածեցի, որ ճշմարտության հատիկ կա, ու անցավ գնաց։ Սակայն հետո զգացի, որ մտովի անընդհատ անդրադառնում եմ ասվածին։ Գրառման իմաստն այն էր, որ հիմա մենք ազգովին պատասխան ենք տալիս Ռոբերտ Քոչարյանին երկու տարի ապօրինաբար բանտում պահելու համար։ Ներողություն եմ խնդրում հեղինակից, որ անունը չեմ հիշում նշելու համար։
Մտորումներս հանգեցրին նրան, որ ասվածի մեջ ոչ թե ճշմարտության հատիկ կա, այլ հենց ճշմարտությունն ինքն է։ Կարմայի, մետաֆիզիկայի, բումերանգի ու չգիտեմ էլ ինչ նման կարգի օրենքներով՝ մենք իրոք կրում ենք մեր երախտամոռության պատիժն առնվազն նրանով, որ համավարակը պատուհասեց հենց այս անճար կառավարիչների օրոք։
Նայենք ընդամենը մեկ տեսանկյունից․ ինչպե՞ս հայերով գնահատեցինք Ռոբերտ Քոչարյանի տասնամյա նախագահությունը Հայաստանում, գումարած նախորդ մեկ տարվա վարչապետությունը, գումարած ԼՂՀ նախագահությունը և ազատամարտի տարիներին Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարումը։ Պատմության գնահատականով այս բոլոր փուլերը եղել են հաղթական, փառապանծ և հերոսական։ Նույն գնահատականին է արժանացել նախագահ Քոչարյանի գործունեությունը նաև միջազգային ասպարեզներում։ Բայց արի ու տես, որ երկիրն անդունդից հանած և 13,7 % կայուն տնտեսական աճով 2008-ին հաջորդ իշխանությանը հանձնած առաջնորդին հետագա տարիներին Հայաստանում պիտակավորեցին որպես «թալանչի, մարդասպան, հանցագործ»։ Եվ կարծում էինք , թե Աստված կներե՞ր այսպիսի ստոր երախտամոռությունը։
Տասը տարուց ավել, օտարների ծրագրերով առաջնորդվող գրանտածին ուժերն իրենց բուլվարային թերթով, հետևողականորեն վարկաբեկելով երկրորդ նախագահին, հասան նրան, որ երբ իշխանության գալով ձերբակալեցին Ռոբերտ Քոչարյանին, սթափ հատվածը անմիջապես չընդվզեց այդ ապօրինության դեմ՝ սին հույսեր կապելով դատաիրավական մարմինների հետ։ Սա էլ յուրովի ապերախտություն էր, որ ճշմարտությունն իմանալով՝ հենց սկզբից աշխարհն իրար չխառնեցինք և թույլ տվեցինք մոտ երկու տարի պատանդ պահել նախագահ Քոչարյանին։ Բա Աստված կների՞ այսպիսի թուլակամությունը։
Հիմա ինչպես չմտածենք, որ սա հենց այն ապտակն է, որը մեզ է հրամցվում կարմայի, մետաֆիզիկայի, բումերանգի ու չգիտեմ էլ ինչ նման կարգի օրենքների ուժով։ Ավելի պարզ ասած, կարծես Աստված կամ վերին ուժերը մեզ դաս են տալիս․․․ Չէի՞ք հավանում 100 տարին մեկ ծնվող հզոր առաջնորդին, դե վայելեք հոգեշեղված պոպուլիստին։ Թալանչի՞ էիք անվանում երկիրը շենացրած ղեկավարին, դե տեսեք, թե պետական թալանը ոնց է լինում՝ զենքի ու ծխախոտի մաքսանենգությամբ, երկրի բյուջեն ընտանեկանի տեղ օգտագործելով, կիսատ-պռատ օրենքներով շարքային քաղաքացուն հարկախեղդ անելով։ Հանցագո՞րծ էիք անվանում պատերազմի հերոսին, դե տեսեք, թե ոնց է զինծառայությունից փախածը ջուրը գցում Ղարաբաղյան բանակցություններում տասնամյակներով ձեռք բերած նվաճումները։ Ընդունակ չե՞ք տարբերել հայրենիքին ու պետությանը նվիրված իսկական առաջնորդին օտարի դրածոյից և թշնամու հետ գործարքներ կնքողից, ուրեմն արժանի եք կիսագրագետ բռնապետիկ ունենալուն։
Դաժան դաս է, բայց հետևություններ պետք է անել, և առնվազն չզարմանալ այն բումերանգից, որը ժողովրդին ևս պատժում է իր անհեռատեսության և երախտամոռության համար։ Արդեն մեկը հարվածեց։ Այն, որ համավարակի տարածման մեղքը բարդվեց ժողովրդի վրա, իսկ իշխանության թերացումները մատնանշողները դարձան դավաճաններ։ Այ սա է զավեշտը՝ դավաճանության մեջ ուրիշներին մեղադրում են էն գլխից ազգին ու պետությանը դավաճանած սորոսածիններն ու պետականաքանդ այլ կենտրոններից ղեկավարվողները։ Զավեշտ են նաև իշխանություններին չքննադատելու սրտաճմլիկ կոչերն այն դեպքում, երբ հիվանդները մահանում են համավարակի դեմ պայքարը սխալ կազմակերպելու և կառավարելու հետևանքով։ Եվ դեռ հարց է, այսօրվա հակահամաճարակային տխուր վիճակը սոսկ ապաշնորհություն է, թե հանցավոր սխեմաներով փող աշխատելու հետևանք։ Ոչինչ թաքուն չի մնում, և մի օր անշուշտ կպարզվի, թե ում մեղքով փայլուն բժիշկներ ու մեծ թվով հիվադանոցներ ունեցող Հայաստանը չկարողացավ դիմագրավել կորոնավիրուսին։
Ինչպես առանձին անհատներ, այնպես էլ ժողովուրդները, վաղ թե ուշ առերեսվում են իրենց կատարած անթույլատրելի սխալների հետևանքների հետ։ Խելացիներն ըմբռնում են և հնարավորինս ուղղում են սխալը։ Կոնկրետ Հայաստանի ներկա իրավիճակում, բացի նրանից, որ պետք է շտապ կազմավորել հակաճգնաժամային կառավարություն, անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պատանդառումը։ Դեռ ուշ չէ սխալն ուղղել և խոստովանել, որ ենթարկվելով երկարամյա քարոզչական հիպնոսին՝ թույլ ենք տվել աղճատել իրականությունը ազգային հերոսի մասին։ Ռոբերտ Քոչարյան անհատականության և նրա գործունեության համարժեք գնահատականն է այսօր մեր ինքնությունը պահելու գրավականը։
Քանի դեռ ՀՀ երկրորդ նախագահը պատանդ է մի մոլագարի ձեռքին, և ժողովուրդը դա հանդուրժում է, դեռ շատ հարվածներ կստանանք տարբեր ճակատներից՝ կորոնավիրուսից, տնտեսական ճգնաժամից, անխուսափելի սոցիալական բողոքների բիրտ ճնշումներից, պատերազմատենչ հարևանից։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը