2020 թվականի հունիսի մեկի դրությամբ ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քանի 2019 թվականի հունիսի մեկի դրությամբ, էականորեն ցածր է այս տարի մահացության թիվը և դա ունի հետաքրքիր պատճառ: Այս մասին ֆեյսբուքյան եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Անցած տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, այս տարի՝ 2213, գրեթե 100 մարդով ավելի պակաս, ինչը տրամաբանական չէ: Սրա բացատրությունը հետևյալն է՝այս տարվա առաջին վեց ամսվա մեջ քաղցկեղից մահացողների պոտենցիալ մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառը, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ կորոնավիրուսը չլիներ, կորոնավիորսուվ հիվանդացած քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից՝ մինչև 2020 թվականի հունիսի մեկը»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ նույնն էլ շնչառական օրգանների հիվանդություններն են: «Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ: Այսինքն՝ մոտ 400-ով ավելի պակաս մարդ է մահացել շնչառական հիվանդություններից: Պատճառն էլի նույնն է, կորոնավիրուսը թույլ չի տվել, որ այդ հիվանդությունից մահանա, ինքն է դարձել մահվան պատճառ: Դուք պատկերացնո՞ւմ եք 400-ով ավելի պակաս դեպք և ավելին, քանի որ այս հիվանդութուն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժօգնություն ստացել, ավելի շուտ է հոսպիտալացվել, մի մասը բուժվել է և՛ կորոնավիրուսից, և՛ այդ հիվանդության վիճակն ավելի լավացել է»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այլ հիվանդությունների պատճառով մահերն էլ են ավելի պակաս: Այսինքն, հունիսի մեկի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին:
«Այս իրավիճակում մենք ունենք մեկ պրոբլեմ, և մեր պրոբլեմն հետևյալն է․ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանալ պատշաճ օգնություն ցուցաբերել
Այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդանա այնքան մարդ, որքան հիվանդանոցներում ռեալ տեղ կա: Սա է կորոնավիրուսի առանցքային պրոբլեմը: Մյուս հիվանդությունները արձանագրվում, զարգանում են, իրենց տևողությունը ձգվում է մեկ տարի: Օրինակ՝ քաղցկեղից առաջին հիվանդին սպասարկելուց մինչև երկրորդ հիվանդին սպասարկելը տևում է վեց ամիս կամ մեկ տարի, կորոնավիրուսի պարագայում այդ ժամկետը շատ կրճատվում է, տևում է երկու-երեք շաբաթ, մաքսիմում՝ 1 ամիս: Եվ հիվանդները, որ պետք է բուժօգնության դիմեին մեկ տարվա ընթացքում, բուժօգնության են դիմում 1 ամսվա ընթացքում»,- հայտարարեց նա:
Ըստ վարչապետի՝ մահացության կոնտեքստում շատ կարևոր է, որ բուժօգնության կարիք ունեցող կորոնավիրուսով վարակված պացիենտները լինեն այնքան, որ մեր հիվանդանոցներում տեղավորվեն, եթե չտեղավորվեն, մեր մահացությունների թիվն աճելու է, մարդիկ մահանալու են կորոնավիրուսից պատշաճ օգնություն չստանալու պատճառով:
Վարչապետն ընդգծեց, որ այս խնդիրը լուծելու մեկ ձև կա. «Պետք է մենք մեր կողմից ուրիշներին վարակելու հավանականությունը մաքսիմալ քչացնենք: Սա ոչ միայն վերաբերում է ինձ նման մարդկանց, որոնք արդեն ախտորոշված են, այլ բոլորին: Այսօր երկրում 25 հազար, հնարավոր է նույնիսկ 30 հազար ասիմպտոմ դեպք կա: Հիմա գուցե դուք վարակված եք, ու շատ լավ է, որ վարակված եք ու չգիտեք, դա նշանակում է, որ ձեզ մոտ ասիմպտոմ է, նշանակում է, որ դուք կլավանաք և ձեր կյանքը լրիվ կփոխվի: Դուք որևէ մտավախություն չեք ունենա ոչ հարազատի վարակելու, ոչ էլ վարակվելու առնվազն մեկ տարի»,-հայտարարեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը