05 06 2020

Ո՞րն է դավաճանությունը. Լիլիթ Գալստյան

Ո՞րն է դավաճանությունը. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Լևոն Տեր-Պետրոսայնն ու «պետության ու ազգի պաշտպաններն» անազնիվ ու թափանցիկ աղմուկ են բարձրացրել: Միանգամից ասեմ՝ ազգն ու պետություն-պետականությունը միշտ պետք է պաշտպանել: Այս կեցվածքն անսակարկելի է, բայց պատեհապաշտության կոնտեքստում այն նույնքան խոցելի է և մերկապարանոց: Նաև պարտվում է և արժեզրկվում, երբ այդ վեհ արժեքների քողի ներքո անձնական ամբիցիաներ ու չկայացած երազանքների իրագործման հեռանկար է հետապնդվում, սեփական դեմքը փրկելու մի վերջին ճիգ:

Լևոն Տեր-Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու փրկչական տագնապն, իհարկե, բացատրելի է: Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը»: Նույնքան ցավալի է և ցայտնոտային, երբ զուգահեռաբար արձանագրում է Ն. Փաշինյանի գահավիժող վարկանիշը:

Ի դեպ, ամենայն ցավով, ես էլ եմ ափսոսում ու դառնանում որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար: Ինձ պես շատ շատերն են դառնությամբ փաստում այս իրողությունն ու արձանագրում ձախողումը: Նիկոլը չկարողացավ, սա թանձրացող ճշմարտություն է, որ չի կարող ուրախացնել ոչ մի հայ մարդու: Եվ ավաղ այս ձախողումը միայն Նիկոլինը չէ, սա գին ունի, որի համար հատուցում ենք բոլորս, նախ՝ պետականությունը: Անդառնալիության կետն արդեն անցել ենք:

Հիշեցնեմ, կիսատ ու սելեկտիվ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին և անցնեմ առաջ:

Այո, համաձայն եմ՝ ԼՏՊ-ի առաջին հաստատումին՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Սա շատերն էին հասկանում, դեռ երեք ամիս առաջ: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց, հաստատելով, որ իրավիճակը «պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները»: Մենք նաև հայտարարեցինք՝ «… ողջ կարողականությամբ և ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում և գործողություններում»:

Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ քաղաքական հայտարարություն տարածեց նաև ՀՅԴ Բյուրոն:

Մի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի տարաձայնություններն ու կոնտեքստները՝ մարտի 23-ին Հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանը:

Եվ ի՞նչ՝ ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն:

Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումով:

Մի՞թե այսպիսին չէ ազգային շահի և պետականության գիտակցումը: Այստեղ որտե՞ղ է դավաճանությունը:

Ի՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, մինաձնյա ցայտնոտային կառավարում, ռազմավարական խնդիրների տոտալ բացակայություն… արդյունքում՝ տարածաշրջանի բացասական ռեկորդակիրն ենք, հարևանին ներողություն խնդրելու անմակարդակ վարքով:

Դուք հասկանու՞մ եք, որ ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքը…ազգային անվտանգության խնդրի ենք բախվել…շատերն արդեն խոսում են հումանիտար աղետի և միջազգային աջակցություն խնդրելու մասին:

Ի դեպ, արհամարհվեցին նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված ԼՏՊ-ն և պետականամտության հորդորներով հանդես եկող այլք, որքա՜ն խոհեմ կլինեին, եթե ժամանակին ձեր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տաիք և հորդորեիք քաղաքական երկխոսության գնալ, իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը:

Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել «ժողովուրդ ջան» պոպուլիստական դիմելաձևով և գործել բովանդակազուրկ, անհավասարակշիռ ավտորիտար վարքագծով՝ մերժել օգնության ձեռքն ու երկխոսությունը: Հենց սա պետական չէ, սա պետության կառավարչի և կառավարման որակ չէ, այն էլ աղետ-պատերազմի պահին:

Ու՞ր էին «պետության և իշխանության պաշտպան» ԼՏՊ-ն և մյուսները, երբ Ն.Փ-ը հետևողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում և այդպես էլ արվում, երբ պարգևավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում է հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրն հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում և նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սև ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը:

Ասացեք, այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը…

Շատ հստակ է գնահատականը՝ ՆՓ-ը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ և մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը: Մերժելով՝ նա քանդվում է պետականությունը, տեղը չկարողանալով կառուցել նորը, խոստացածը... Մի՞թե դժվար է սա տեսնելը:

Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրկության մի վերջին ձախող ճիգ:

Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո´ պետականությունը փրկելու մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ