01 06 2020

Եղել են դեպքեր, երբ դուք ճնշումներ եք գործադրել ԶԼՄ-ների վրա․ Անի Սամսոնյանը՝ գլխավոր դատախազին

Եղել են դեպքեր, երբ դուք ճնշումներ եք գործադրել ԶԼՄ-ների վրա․ Անի Սամսոնյանը՝ գլխավոր դատախազին

Եղել են դեպքեր, երբ դուք ճնշումներ եք գործադրել ԶԼՄ-ների վրա՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու համար, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նման հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«ԶԼՄ-ների վերաբերյալ իմ կողմից երբևէ չի կարող ճնշում գործադրվել։ Մենք հարուցում և քննում ենք քրեական գործ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ: Նախաքննական գաղտնիքը օրենքով պաշտպանվող ինստիտուտ է, իսկ եթե լրագրողի կողմից այդ գաղտնիքը բացահայտվում է, այլ բան, քան այդ տեղեկատվությունը տրամադրող օղակը բացահայտելը, չի կարող արվել»,- պատասխանեց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի՝ օրենքով սահմանված պարտականությունն է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցերը հանցանքը բացահայտելու համար, իսկ հանցանքը պետք է բացահայտվի. «Եթե ոչ նախաքննական գաղտնիք, պետական հույժ գաղտնի տեղեկությունը, եթե հրապարակվի լրագրողի կողմից, պետք է համարվի, որ այստեղ անելիք չունե՞նք, իսկ եթե մի պարզ քաղաքացի մի օր հրապարակի այդտեղ, պետք է ողջ գործիքակազմը կիրառե՞նք: Սա ընդունելի մոտեցում չէ»:

Պատգամավորը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ դատախազությունը չի կարողանում արդյունավետ դատախազական վերահսկողություն իրականացնել այս հարցերի կապակցությամբ, և ինչո՞ւ քննիչներին ցուցումներ չեն տրվում։

Դավթյանը պատասխանեց, որ դատախազությունը նման յուրաքանչյուր դեպքում գործադրում է իր ունեցած ամբողջական գործիքակազմը։ Ըստ գլխավոր դատախազի՝ եթե բացահայտվում են ապօրինի որոշումներ, ապա  դրանք վերացվում կամ ուժը կորցրած են հայտարարվում։

«Օրինակ, 2019 թվականի ընթացքում դատախազության կողմից հազարավոր ցուցումներ են տրվել նախաքննության կամ հետաքննության մարմիններին, անբարեխիղճ կամ խախտում թույլ տված մարմիններին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել նրանց վերադասներին, ընդհուպ՝ հետաքննության ու նախաքննության մարմինների աշխատակիցների կողմից առերևույթ խախտումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ»,- մեկնաբանեց գլխավոր դատախազը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ