01 06 2020

Ով ո՞ւմ է ծառայում․ Panorama.am

Ով ո՞ւմ է ծառայում․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Վերջին շրջանի մի շարք  իրադարձություններ ակնառու են դարձնում մեր հանրապետության  գահավիժման աստիճանը, իրավապահ կառույցների անհամարժեք արձագանքները, իշխող ուժի  կողմից իրականության  խեղաթյուրված ընկալումը։ Ընդամենը երկու օրինակ։

1․ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Ստի վերջը»  բացահայտումների 7 մասանոց շարքում հնչող մեղադրանքների կապակցությամբ ակնկալվում են առնվազն ԱԱԾ-ի կողմից պարզաբանումները։  Եթե  ստում է նախկին դեսպանը՝ պետք է պատասխանատվության ենթարկել  նրան։ Իսկ եթե ասածները համապատասխանում են իրականությանը, պետք է ձերբակալել  մեղադրանքների թիրախին՝ մի ողջ պետության հեղինակությունը վարկաբեկող  անձին։  Կաշկանդում է այն հանգամանքը, որ միջազգային մաֆիոզ հանցագործություններ կատարելու  մեջ մեղադրվում է պետության առաջին դե՞մքը։ Այս դեպքում առավել քան  հստակություն է պետք, քանզի հազարապատիկ անգամ վտանգավոր է նրա հանցավոր գործունեությունը։

Կարևոր մի արձանագրում․ դեսպան Մինասյանն իր ասածները հաստատում է փաստաթղթերով և հղումներով, որոնց հանրայացման պարագայում  Փաշինյան Նիկոլի որդեգրած «ուզում եք հավատացեք, ուզում եք՝ չէ» մանկամիտ կեցվածքը բնավ չի  պատշաճում երկրի ղեկավարին և մազաչափ անգամ չի չեզոքացնում մեղադրանքը։  Ծխախոտի մաքսանենգության, ադամանդի և զենքի միջազգային առևտրի մեջ  պետության ղեկավարի մասնակցությունը մատնանշող  փաստերի մասին կասկածները լրջագույն մեղադրանքներն են, և  համապատասխան մարմիները պարտավոր են հանրությանը սպառիչ պարզաբանումներ տալ։ Նրանց լռությունը առավել քան  տարակուսելի է․․․  Ի վերջո՝  ո՞ւմ է ծառայում ՀՀ ԱԱԾ-ն՝ Հայաստանի Հանրապետությա՞նը  թե անձամբ Փաշինյան Նիկոլին։

2․ Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը։ Նույն օրը,   ժամեր անց, նախագահի փաստաբանական թիմը լրագրողների առաջ  «վերծանեց» իրավական բարդ տեքստը, ըստ որի՝ «հաստատվեցին  փաստաբանական թիմի բազմաթիվ դիրքորոշումները», «անհերքելիորեն գալիս ենք այն իրավիճակին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չեն կարող կիրառել ոչ 300, ոչ էլ 300․1 հոդվածը, որովհետև ենթադրյալ արարքի կատարման պահին գործող հոդվածը որոշակի չի եղել»  (պաշտպան Արամ Վարդևանյան), «ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքն առնվազն իմ ակնկալիքներին համապատասխանում է» (պաշտպան Արամ Օրբելյան)։ Պարզ ասած՝  ՄԻԵԴ կարծիքը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի էր։

Իսկ  ինչպե՞ս է  արձագանքում նշված փաստաթղթին այս շինծու գործը կարած-կարկատած  դատախազությունը։ Ինչպես որ երկու տարի շարունակ՝ ջուր գործում ջուր  է ծեծում  երկար ու բարակ խոսքային կուտակումներով։ Այդուհանդերձ, վաղ թե ուշ ստիպված են լինելու վայր դնել իրենց չկրակող զենքերն այս մարտում, քանի որ ի սկզբանե մեծ ստի վրա են կառուցել մեղադրանքները։

Հարց է ծագում՝ դատավոր-դատախազներն  ինչո՞ւ են համառորեն շարունակում ձախողման դատապարտված այս դատական թնջուկը, որը սկսվեց Փաշինյանի հրամանով և որն անմիջապես  կկարճվի  նրա հեռացման հետ։  Բայցև, ցանկացած պարագայում,  քրեական պատասխանատվությունից  չեն  փախչի  ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ քրեական գործ հարուցողները  և երկու տարի նրան ապօրինի կալանքի տակ պահողները։  Օրենքի պահպանմանը կոչված պաշտոնյաների օրինախախտությունը  և հլու կամակատարությունը կրկնակի պատժի է արժանի․․․ 

Ի  վերջո, ո՞ւմ է ծառայում ՀՀ Գլխավոր դատախազությունը՝  Հայաստանի Հանրապետությա՞նը  թե անձամբ Փաշինյան Նիկոլին։

Եվ մեծագույն հարցը՝ ո՞ւմ է ծառայում ինքը՝ Փաշինյանը։  Հայ ժողովրդի՞ն․․․ Վստահաբար ոչ։  Թեկուզ հենց այն պատճառով, որ այս դժվարին օրերին՝  համավարակին միասնական ու պրոֆեսիոնալ կադրերով դիմակայելու փոխարեն, չէին շարունակի առաջ տանել նեղ քաղաքական խնդիրները։ Հապճեպ չէին հաստատի Լանզարոտեի կոնվեցիան, բջջայիններով մարդկանց տեղորոշման օրենքը, ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքը, գույքահարկը  բարձացնելու օրենքը, դիահերձումն արգելելու օրենքը և նմանատիպ այլ օրենքներ, որոնք բոլորն առնչվելու են յուրաքանչյուր հայի բացասական իմաստով։ Ողջ ուժն ու եռանդը չէին կենտրոնացնի ՍԴ շուրջ իրենց իսկ  ստեղծած պրոբլեմի տակից դուրս գալու ելքերի փնտրտուքներում։ Կորոնավիրուսի դեմ պայքարի սեփական ձախողումը  չէին  բարդի  դիմակ չկրող քաղաքացու ցածր գիտակացության վրա։ Ում ում, բայց հայ ժողովրդին չի ծառայում Փաշինյան Նիկոլը, քանի որ երկու տարում չի արվել ոչինչ, ինչը կարելի է բնորոշել որպես պետության շահերի գերակայությամբ  առաջնորդվող մարդու գործելաոճ։
Երևի մի օր պարզվի, թե այս երկու  տարիների ընթացքում ով ում է ծառայել և ինչի դիմաց։
        

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ