Առողջապահության նախարարի խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հայտնել է, որ այս պահին մոտ 10 հազար թեստ կա պահեստավորված։ Մայիսի 4-ին սահմանափակումների թուլացմանն ընդառաջ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թեստերի խնդիր չունենք, և առկա է 70 հազար թեստ և սպասվում է թեստերի տեղական արտադրություն։
23 օրվա ընթացքում արված սակավաթիվ թեստերի պարագայում անհասկանալի է թվերի նման տարբերությունը, բայց այստեղ կարևորն այլ հարց է։ Ստացվում է, որ այս տեմպերով 10 օր անց մենք թեստավորման հարցում կանգնելու ենք լուրջ խնդրի առջև։ Հարցը օրակարգային է դառնալու։
Մայիսի 4-ի սահմանափակումների թուլացումից առաջ բազմաթիվ հանրային գործիչների նախազգուշացումը նաև այս հարցին էր վերաբերում։ Զինվել բավարար քանակով թեստերով, որովհետև վիրուսի իրական պատկերի բացահայտման բանալին հատկապես թեստերի մեջ է։ Չլսեցին, չուզեցին ավելի հեռուն նայել։ Քաղաքական քմահաճույքը քայլ առ քայլ տանում է առողջապահական համակարգի կոլապսի, այս տեմպերով դա ընդամենը օրերի հարց է։
Այս պահին ունենք այնքան թեստ, որքան վարակին ռացիոնալ մոտեցման պարագայում անհրաժեշտ է մեկ օրվա ընթացքում։ Արվող թեստերի քանակը նույնիսկ այս պահին չափազանց փոքր է և, աճելու փոխարեն, նվազում է։
Բազմաթիվ քաղաքացիներ ամեն օր մերժում են ստանում թեստավորման խնդրանքներին։ Ամեն անգամ դեմքի լուրջ արտահայտությամբ տրվում են դժվար հասկանալի բացատրություններ։
Զավեշտի են հասնում դեպքերը՝ վիրուսով վարակվածի ընտանիքի անդամներին թեստ չեն անում, սիմպտոմներ ունեցող և տանը հղի կին ու տարեց ծնողներ ունեցող քաղաքացուն թեստ չեն անում։ Հարյուրավոր նմանատիպ պատմություններ կան։ Աշխարհը գնում է թեստավորման քանակների աննախադեպ աճի՝ դա համարելով կարևորագույն միջոցառում, աշխարհում գնում են թեստերի բազմազանության մեծացման ճանապարհով։ Հայաստանում քաղաքացուն ամեն օր համոզում են, թե դու դրա կարիքը չունես՝ չկա ցուցումներ. միայն իրենց հասկանալի ձևակերպմամբ։ Պարզվում է սրա տակ միայն թեստերի քանակն է, դրա դեֆիցիտը։ Արդյունքում այդ նույն մարդիկ հստակ չիմանալով իրենց մոտ վարակի առկայության մասին դառնում են վարակի պոտենցիալ տարածողներ։
Վարակի տարածման հաջորդ ռիսկը ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումներն են։ Սոցցանցերում տարածվող լուսանկարներից կարելի է դատել, որ ի հեճուկս տարբեր նախազգուշացումների և արգելքների, միջոցառումներ, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Դա կարող է դառնալ վարակի նոր օջախ և նոր ալիքն։ Պարետատունը պետք է ծայրահեղ զգոն լինի այս հարցում։
Վիրուսի տարածման դինամիկան և թեստերի սահմանափակ սպառումը խոսում են ծայրահեղ ծանր իրավիճակի մասին։ Այսօր կարող ենք դրան ավելացնել նաև թափանցիկության պակասը։ Միգուցե կան նաև այլ հանգամանքներ, որոնք հասարակությունից գաղտնի են պահվում, իսկ հետո ոչ թափանցիկ գործելաոճի մեջ մեղադրում այլ պետությունների կառավարություններին։
Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել ենք, որ սահմանափակ թվով թեստերը, դրան զուգահեռ հիվանդության աճող թվերը զուտ թվեր չեն, որ դա նշանակում է աղետ։ Դա նշանակում է նոր մեծաթիվ վարակվածներ, որոնցից շատերի մասին մենք նույնիսկ չգիտենք, դա նշանակում է, որ հիվանդանոցներում այլևս շատերի համար տեղ չկա և չի լինելու, դա նշանակում է նոր և բազմաթիվ վարակվածներ և նոր մահեր: Ըստ էության, խոսքը գնում է սպասվող ողբերգության մասին։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը