26 05 2020

Անդերգրաունդ․ հեղափոխական ենթամշակույթ. Politeconomy.org

Անդերգրաունդ․ հեղափոխական ենթամշակույթ. Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ ««Անդերգրաունդն» առաջացել է անգլերեն «underground» բառից, որի իմաստներից մեկը «ընդհատակն» է։ «Անդերգրաունդ» ասելով հասկանում ենք ժամանակակից արվեստի այն ուղղությունները, որոնք հակադիր են զանգվածային մշակույթին և պաշտոնական ու զանգվածային լրատվամիջոցներում քիչ են լուսաբանվում։ Դա ունի շատ կոնկրետ պատճառներ։ Այդ ուղղությունները չեն տեղավորվում ընդունված նորմերի ու բարոյականության պատկերացումներում՝ ոչ նորմատիվային բառապաշար են պարունակում, տիրող գաղափարախոսություններն ու պատկերացումները մերժում են, պարունակում են ընդվզման կոչեր և այլն։ Եթե ավելի կարճ ձևակերպենք, դա այն ամենի մերժումն է, ինչն ընդունված է հասարակությունում որպես նորմ։ «Մերժում» բառն առանցքային է։ «Մերժումը» երբեմն մտքի թռիչք է և բոլոր «ցանկապատերի» ավերում։ Դա երիտասարդներին բնորոշ մերժումն է, որից հետո սկսվում է ինքնահաստատում՝ հասունացման փուլ՝ վերաարժեքավորումներով, սակայն, միևնույն ժամանակ, «հատակում» հայտնվելու վտանգ է իր մեջ պարունակում։

Ցանկացած նորմատիվային կանոնի կամ հասարակության համար կարևոր արժեքի մերժման վրա կառուցված ընդհանրությունը ձևավորում է իր ենթամշակույթը կամ կոնտրմշակույթը։ Պատահական չէ, որ Անդերգրաունդի ուղղությունների հետևորդները ձևավորում են նման խմբերը ու ձգտում են ունենալ սեփական լեքսիկոնը, հագուկապը, սիմվոլիկան, որոնցով ձգտում են տարբերվել մնացածից։ Առանց դրա՝ «մերժումը» չի կարող կայանալ։

Ֆրանսիացի սոցիոլոգ Միշել Մաֆեսոլիվը այդ խմբերի համար օգտագործում է «քաղաքային ցեղախմբեր» եզրը։ Սցիոլոգիայում նաև օգտագործվում է fandom` «ֆանատներ» արտահայտությունը։

Նման ենթամշակութային խմբեր բնորոշվում են նաև Միլյո եզրով (ֆրանսերեն milieu-շրջապատ, միջավայր):

Եթե ուշադիր լինենք Հայաստանում կատարվող իրադարձություներին, ապա կարող ենք նկատել, որ ձևավորվել է «հեղափոխական Միլյո»՝ մարդկանց շրջապատ, որոնք ցանկանում են իրենց տարանջատել հանրությունից՝ ձևավորելով ենթամշակույթ։ «Հեղափոխականներն» ունեն իրենց շրջապատը, իրենց ֆաները, ժխտում են այն ամենը, ինչը եղել է մինչև իրենց։ Ըստ էության դա ենթամշակույթի ձևավորման, հետևորդների բանակի կազմավորման փորձ է, որը պատերազմի մեջ է մնացած բոլորի հետ։

Արցախի հարցում բանակցությունները սկսում են «իրենց կետից», «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմը, իրենցից բացի մնացածները «հին» են, «հակահեղափոխական» են, կոռուպցիոներներ են, ծախվածներ են, ծույլ են և, հետևապես, «ժողովրդի» անունից կարող են խոսել միայն իրենք։ Բնականաբար, ցանկացած քննադատություն հարված է իրենց «ենթամշակույթին»՝ ինքնությանը։ Դա մարգինալ խմբերին բնորոշ էմոցիոնալ ինքնազգացողություն է։

Ազգային ժողովը և կառավարությունը պետք է կազմված լինեն միայն «հեղափոխականներից», որոնք այսօր հանդիսանում են իրենց Անդերգրաունդը՝ պայքարի օջախը։ Դրանք իրենց բաստիոններն են, որոնք գրավել են, սակայն կան դիմադրության օջախներ՝ Սահմանադրական դատարան, ԱԱԾ, բանակ, ոստիկանություն և այլն։

Եթե հետևենք «հեղափոխականների» քննարկումներին, Անդերգրաունդի վերածված Ազգային ժողովի ելույթներին, ապա տրամաբանական ու փաստարկված ելույթների փոխարեն կարող ենք լսել էմոցիոնալ ու ագրեսիվ ելույթներ, որոնք մտահոգված են «հակահեղափոխականների» ռևանշից։ Իրոք, ցանկացած մարգինալ ենթամշակույթ ագրեսիվ է ու կասկածամիտ։

Հայկական «հեղափոխականության» հիմնական առանձնահատկությունն այն է, որ իշխանության եկած Միլյոն չի կարողանում ձևավորել պետական գաղափարախոսություն, բոլորի համար ընդունելի նորմեր, հասկանալի աշխարհայացք, բայց հանգամանքների բերումով դարձել է իշխանություն։

«Մերժումը» չի կարող լինել զարգացման հեռանկար, դրա համար ինչ-որ գաղափարների «հաստատում» է պետք, որոնք չկան։ Մերժման գաղափարի վրա ձևավորված իշխանությունը չի կարող երկար գոյատևել։ Կառավարման ճգնաժամը կարող է հանգեցնել պետականության ճգնաժամի, եթե այդ վիճակից դուրս գալու օրինական մեխանիզմները բացակայում են։

Ստեփան Դանիելյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ