25 05 2020

Ոչ հայանպաստ հայտարարություն՝ Գերմանիայի ԱԳՆ կայքում. Էդմոն Մարուքյան

Ոչ հայանպաստ հայտարարություն՝ Գերմանիայի ԱԳՆ կայքում. Էդմոն Մարուքյան

Ափսոսանքով, պետք է հայտնեմ, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է.

«Մասնավորապես, ճամփորդել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին նշված հայտարարությամբ կոչ է արվում «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից ՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:

Ավելին, հաջորդիվ ասվում է, որ «բոլոր նրանք, ովքեր այդուամենայնիվ կճամփորդեն նշված վայրեր, ենթակա են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական պատասխանատվության»։ Կարծում եմ, որ այսբովանդակ տեքստը ամենևին չի բխում հայ-գերմանական գործընկերության շահերից, չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանը և պարզաբանումների կարիք ունի:

Պահանջում եմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության պարզաբանումն այս հայտարարության մասին, ինչպես նաև տեղեկատվություն կատարվող աշխատաքների վերաբերյալ՝ ուղղված նմանատիպ բովանդակությամբ հայտարարությունը ետ կանչելուն և ինչն է պատճառը, որ նման հայտարարություն է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ