Aysor.am-ը գրում է․ «Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացված մեղադրանքը լղոզելու ու հերքելու անհաջող փորձ արեց, որին հաջորդեց Հայաստանում ադամանդագործության թեմայի միջազգայանցումը։ Խնդիրը սկսեցին քննարկել նաև սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում։ Ես խոստացել էի անդրադառնալ շատ կոնկրետ հարցերի՝ ինչո՞ւմն է Մինասյանի մեղադրանքի մեխը, և ինչո՞ւ Թունյանի մեկնաբանությունը դրա հերքումը չէ։ Ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումները, նաև հիշեցնում եմ, որ ի պատիվ իրենց՝ պատկան մարմինները չեն փորձում եղած փաստերը հերքել։
Ի՞նչ մեղադրանք է հնչեցրել Միքայել Մինասյանը
Մայիսի 15-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր տեսանյութ, որում հայտնել էր ադամանդագործության բնագավառում մաքսանենգ գործունեության մասին։ Մինասյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով, ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից։ Հնդկաստանից ներմուծվում են ադամանդներ, տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական», որովհետև էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ ամբողջ փաթեթը փաստաթղթերի, թե ոնց դրանք դարձան հայկական։ Հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները հայկականի տակ արտահանվում են՝ առանց մուծելու որևէ հարկ... Ըստ պետական վիճակագրության, Հայաստանը 2020-ի առաջին եռամսյակում մշակել է 20 մլրդ... որպեսզի դու կարողանաս այդ 20 մլրդ-ի ադամանդները աշխատես, ստեղծես, ինչպես ասում են՝ փոլիշ անես... ըստ միջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում պետք է լինեն ավելի քան 1400 աշխատող։ Թիվն իրականում աննախադեպ է... Բայց հետաքրքիր բան կա, որ Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ։ Հետևաբար անհնարին է այդ քանակը մշակել եղած մարդկանցով... Կա ընդամենը մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդի ադամանդ և ոսկի»։
Միքայել Մինասյանի ներկայացրածից կարելի է առանձնացնել հետևյալ փաստագրումները.
1.Հայաստան ներմուծվում է հնդկական ադամանդ և հայկական փաթեթավորմամբ արտահանվում է երկրից
2.Այդ իրողությունը տեսանելի է, երբ արտադրված և արտահանված ադամանդի ծավալը բաժանում ես երկրում առկա արտադրական հզորությունների վրա
3.2020 թվականի առաջին եռամսյակում ադամանդագործության ոլորտում ներգրավված է եղել 400-ից ոչ ավել մասնագետ, բայց երկիրը թողարկել ու արտահանել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի։
Մեր հետագա վերլուծության համար կարևոր է ուշադրություն դարձնել երկու առանցքային իրողության վրա. առաջին՝ Միքայել Մինասյանը խոսում է այստեղ և հիմա եղած խնդրի մասին, ոչ թե այն մասին, թե անցյալում ինչ է եղել, երկրորդ՝ Միքայել Մինասյանը բառացի ասում է՝ «Հայաստանից արտահանվել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի»։
Ի՞նչն են հերքում իշխանությունները
Միքայել Մինասյանի մեղադրանքի սպառիչ հերքում կարող էր լինել թափանցիկ տվյալների հրապարակումը։ Այդ տվյալները պետք է ցույց տային, թե Հայաստանը որքա՞ն հումք է ստացել, ո՞ր ձեռնարկություններում է հումքն անցել վերամշակում, նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն պատրաստի արտադրանք է թողարկվել, դրա ո՞ր մասն է արտահանվել, և որքան մաքսավճար է փոխանցվել պետբյուջե։ Եթե կառավարությունն այս տվյալները հրապարակեր, և դրանք համապատասխանեին արդեն իսկ եղած ցուցանիշներին, ինքնին մեղադրանքը կհերքվեր։
Սրա փոխարեն կառավարամերձ որոշ ոչ պաշտոնատար անձինք ու լրագրողներ սկսեցին Facebook-ում գրառումներ կատարել այն մասին, թե «գնացեք Նոր Հաճըն ու հարցրեք, կտեսնեք, որ այնտեղ բոլորն ադամանդագործ են»։ Քարոզչական այս գիծը բավականին խոցելի էր, որովհետև
ա/ ադամանդագործության խոշոր ձեռնարկությունն այժմ ամենևին էլ Նոր Հաճընում չէ, այլ Աբովյանում է, ու թեմայի հետագա շահարկումները կարող էին հետաքրքիր նորություններ ի հայտ բերել
բ/ Նոր Հաճընի թեմայի առաջմղումը ի վերջո կհանգեցներ եզրակացության, որ Հայաստանում ադամանդագործները գրանցված չեն, ու աշխատում են տանը։ Համաձայնեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում լավագույն մոտեցումը չէ։
Առաջ անցնելով ասենք, որ իշխանությունը լավագույն մոտեցումը գտավ երրորդ փորձից՝ ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր Վադիմ Գոմոսի հարցադրումներից հետո։ Վերջինս անդրադառնալով Հայաստանում ադամանդի մշակման ու արտահանման ծավալներին՝ առաջ էր քաշել թեզ, որ ադամանդագործությունը եղել է ստվերում, Նիկոլն այն «սպիտակացրել» է, ամեն ինչ նորմալ է։ Ըստ այդմ՝ իշխանության ներկայացուցիչները Գոմոսի դիտարկումը համարելով սպառիչ՝ սկսեցին պաշտպանական ամենաարդյունավետ գիծը՝ «սաղ Սերժն ա մեղավոր»։ Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի մեղադրանքները վերաբերում են այսօր՝ Փաշինյանի օրոք, տեղ գտած խնդիրներին ու նախկիններին անդրադարձ առհասարակ չկա։
Ի դեպ, եթե իշխանություններն ունեն փաստեր, կարող են գործեր հարուցել, պատժել, բռնագանձել և անել այն ամենն, ինչ խոստացել են, բայց ընդունենք, որ քանի դեռ դա չի արվել, համարում ենք, որ նման բան չկա, ինչպես որ չկա Մինասյանի մեղադրանքի որևէ հերքում։
Ինչո՞ւմ է սխալ Բաբկեն Թունյանը
Գործող իշխանության միակ ներկայացուցիչը, ով արձագանքել էր Մինասյանի պնդումներին, ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն էր։ Մայիսի 22-ի գրառմամբ Թունյանն ավետեց, որ «2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանվել է ոչ թե 20 մլրդ դրամի, ինչպես նշվում էր տեսանյությում, այլ մոտ 4.5 մլրդ դրամի (9.5 միլիոն դոլարի) ադամանդ։ Իմ կողմից ավելացնեմ նաև տարեկան տվյալները՝ ըստ ՄԱԿ-ի առևտրային դատաբազայի։ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ»։ Այս գրառմանը մեկ օր անց ես արձագանքել էի ու ներկայացրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներ և կարծիք էի հայտնել, որ ստում է կամ Թունյանը, կամ ԱՎԾ-ն։
Իմ արձագանքի վերաբերյալ, հավանաբար, չունենալով պարզաբանումներ՝ Թունյանը նոր գրառում է կատարում՝ «Մարդը հայտարարարում է, թե ադամանդի արտահանումը կտրուկ աճել է, այս տարվա հունվար-մարտին Հայաստանից ԱՐՏԱՀԱՆՎԵԼ է 20 մլրդ դրամի ադամանդ, և որ այդ տվյալը կա ՎԻՃԿՈՄԻՏԵԻ զեկույցում... Ձեզ պարզ հարց եմ տալիս՝ կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է ԱՐՏԱՀԱՆՎԵԼ։ Ինչպես դուք հայտարարել եք։ Եթե կա, ցույց տվեք։ Ընդամենը մեկ հղում»։ Սրան ի պատասխան, ես զետեղում եմ ՀՀ ԱՎԾ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԿՆԻՇ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ Ք. ԵՐԵՎԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ – ՄԱՐՏԻՆ» զեկույցի 9-րդ էջի տեսապատճեն, որտեղ պարզ երևում է, որ երկնիշ դասակարգմամբ 32 կոդի ներքո թողարկված ապրանքի իրացումն արտերկրում կազմել է 19.5 մլրդ դրամ։
Սրանից հետո Բաբկեն Թունյանը պնդում է. «Ասենք հիմա դու ինձ վիճակագրական զեկույցները վերլուծել ես սովորեցնում))) Էն դեպքում, երբ մի քանի տարի ես եմ շատերին, էդ թվում մեզ հիմա քննադատող զլմ-ների լրագրողներին թվերի հետ աշխատել սովորեցրել։ Վերջին անգամ եմ ասում՝ մարդը հայտարարում է, թե 20 մլրդ դրամի արտահանում կա։ Թող էդ տողը ցույց տա։ Նոր հետո կանցնենք ադամանդ տաշելու նյուանսներին»։
Բաբկեն Թունյանը երեք տարբեր գրառումներում, երեք անգամ նշել է «մարդը հայտարարում է, թե 20 մլրդ դրամի արտահանում կա»։ Նա ոչ մի անգամ չի նշել, թե կոնկրետ ում հայտարարությունն է մեջբերել, բայց, եթե խոսքը Միքայել Մինասյանի մասին է, ապա լրագրողներին թվերի հետ աշխատել սովորեցրած պատգամավորը սկզբնաղբյուրը պետք է ճիշտ մեջբերեր։ Միքայել Մինասյանն իր տեսանյութում բառացի ասել է. «Հայաստանից արտահանվել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի»։ Չգիտես ինչու Թունյանը մոռացության է մատնել «ոսկի» բառն ու ինքն իրեն գցել մոլորության մեջ։ Մինչդեռ բերված ցուցանիշը ճիշտ և ճիշտ իմ ներկայացրած զեկույցի 32-րդ կոդով ամփոփված ապրանքատեսակներն են։
Ասել է թե, Բաբկեն Թունյանը կամ հայտարարում է, որ ինքը Միքայել Մինասյանի ասածները չի բերել ու մեկնաբանել, կամ էլ՝ հայտարարում է, որ սխալ է մեջբերել ու մեկնաբանել։
Ամեն դեպքում ամփոփենք, որ մեկ շաբաթյա որոնումներից հետո տրված մեկնաբանությունը հեղինակի խոսքը կոնտեքստից կտրելու, սխալ մեջբերելու միջոցով հերքման փորձ էր, որը փաստացի տապալվեց։
Որտե՞ղ է Գոմոսը սխալվում
Բաբկեն Թունյանի և իմ գրառումներն առիթն օգտագործելով՝ Վադիմ Գոմոսը ներկայացրել էր Հայաստան ներկրված, արտահանված և Հայաստանում մշակված ադամանդների ծավալներն ու հետաքրքիր հետևություն արել «...Այսինքն՝ 2019 թվականին արտահանված բոլոր կարատներն արտադրվել են Հայաստանում։ Իսկ 2016 թվականին կարատների արտահանումը երեք անգամ գերազանցել է կարատների արտադրությանը... Այժմ հարց գիտակներին՝ ո՞վ է վերարտահանում՝ նա, ով արտադրում է այնքան, որքան արտահանում է, թե նա, ով արտադրածից երեք անգամ ավելին է արտահանում»։ Վերջում Գոմոսը նաև հեգնել է. «Ուշադրություն դարձրեք, թե ինչպես Սերժ Սարգսյանի օրոք արտահանումն էականորեն գերազացնում էր արտադրությանը։ Երևում է՝ Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերի վրա էին աճում»։
Ինչպես արդեն նշեցի, այս գրառումը ներկայիս իշխանականները հաճույքով տարածում էին և հավանում, մոռանալով, որ թվերի հետ պետք է զգույշ լինել։
Նախ՝ սկսենք այն իրողությունից, որ անկախ Գոմոսի հետևություններից ու անցյալին ներկայացվող մեղադրանքներից, բլոգերի գրառմամբ ոչ մի կերպ չի հերքվում Միքայել Մինասյանի մեղադրանքը և չի պարզաբանվում, թե ինչպես կարող էին 400 ադամանդագործները երեք ամսում 118.5 հազար կարատ մշակել։ Մինչդեռ Մինասյանի մեղադրանքի առանցքում հենց սա էր, այլ ոչ թե արտադրության կամ արտահանման ծավալները։
Ինչ վերաբերում է բլոգերի՝ «Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերի վրա էին աճում» պնդմանը, ապա այն գիտակցված կամ միամիտ մոլորության արդյունք է։ Բանն այն է, որ տեխնոլոգիական ցիկլը ենթադրում է հումքի ներմուծում, Հայաստանում մշակում, ինչի արդյունքում հումքը ծավալի մի մասը կորցնում է։ Այսինքն՝ ընդհանուր արտահանման ծավալները պետք է քիչ լինեն ընդհանուր ներկրման ծավալներից։ Եթե արտահանումը բնեղեն արտահայտմամբ ավելի շատ լիներ, քան ներկրումն է, պետք էր ադամանդի ծառեր որոնել, բայց Գոմոսի հրապարակած աղյուսակից հետևում է, որ Հայաստան ավելի շատ հումք է եկել, քան պատրաստի արտադրանք է արտահանվել։ Այսինքն՝ ծառ փնտրելու կարիք չկար։ Հեգնելու՝ առավել ևս։
Գոմոսը, թեև աղյուսակում նշել է «ներմուծում/արտահանում սալդո», այդուհանդերձ դատողություններն անելիս մոռացել է հիշել ներմուծման ծավալների մասին, և քննարկումը շեղել է այլ ուղղությամբ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այո, Հայաստանը եղել է ադամանդագործության, այսպես ասենք՝ տարանցիկ ուղի, և ներկրված հումքը կամ նույնիսկ պատրաստի արտադրանքը ամբողջությամբ չի մշակվել մեր երկրում։ Դա իսկապես եղել է, և Գոմոսի հրապարակած թվերից էլ պարզ երևում է, որ գործ ունենք նաև վերաարտահանման հետ, ինչն ինքնին օրինազանցություն չէ, եթե խորքում չկան սպեկուլյատիվ սխեմաներ։ Բայց փաստենք, որ այս խնդիրը մեր քննարկման նյութի հետ կապ չունի՝ Մինասյանի մեղադրանքի հիմքում ոչ թե վերաարտահանման խնդիրն է, այլ հնդկական ադամանդը հայկականի անվան տակ իրացնելը։ Այսինքն՝ կեղծ արտադրություն ցույց տալը։
Վադիմ Գոմոսն իր գրառման տակ եղած բավականին հետաքրքիր քննարկումների ընթացքում հանգում է երկու թեզի՝ Նիկոլ Փաշինյանի օրոք ադամանդագործությունը ստվերից դուրս է եկել, դրա համար են արտադրության ծավալներն աճել, մյուսը՝ քանի որ մաքսայինը խիստ է աշխատում, տնտեսվարողներն առայժմ թաքցնում են աշխատողներին։
Որ այս երկու պնդումները հակասում եմ միմյանց, թողնենք մի կողմ։ Արձանագրենք չոր փաստերը։ Հայաստանում ադամանդագործության բնագավառում գործունեություն ծավալող 10 ձեռնարկությունների աշխատակիցների քանակը փաստացի փոփոխություն չի կրել։ Ավելին՝ ոլորտի առաջատարներից «Շողակնը» ու «Լորին» 15-20 տոկոսով կրճատել են աշխատակիցների քանակը։ Փոխարենը նորաստեղծ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունն է սկսել ծավալվել։ Աշխատակիցների քանակի մասին մանրամասն կարելի է հետևություններ անել 1000plus.am-ի միջոցով։
Ինչ վերաբերում է երկրորդ պնդմանը, ապա Գոմոսի ենթադրությունը կառուցված է մաքսայինի բարեխիղճ լինելու կանխավարկածի վրա, և ենթադրում է ադամանդագործության ոլորտում ստվերի ծավալում։ Կանխավարկածն ինքնին կասկածի տակ է դրվել Միքայել Մինասյանի կողմից, և խնդիրն էլ հենց այդ է։ Իսկ ահա հետևությունը, թե առայժմ ստվերում են աշխատում, վստահ եմ, կհերքի նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը