Panorama.am-ը գրում է. Ժողովրդական «լացը լաց է բերում» ասույթը մեր իրականության մեջ իր հաստատումն է գտել «փորձանքը փորձանք է բերում» ձևով։ Թավշյա հեղափոխությունն իր կործանարար գործունեությամբ քիչ փորձանք էր, հիմա էլ ավելացավ կորոնավիրուսը։
Մայիսի 23-ին հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, մեկ օրում ավելացել է 374 նոր դեպք: Ո՞ւր էս տեմպերով․․․
Սահմանափակումները հանած, բայց ձևականորեն պահվող արտակարգ դրության պայմաններում, մոտ երկու շաբաթ օրական եռանիշ թվերով ավելանում են վարակակիրները, իսկ վարչապետն ու Առողջապահության նախարարը մրցում են ցինիզմի մաստեր-կլաս ցուցաբերելու հմտության մեջ։
Նորմալ երկրում երկուսն էլ հրաժարական պետք է տային՝ համավարակին սկզբնական շրջանում անլուրջ վերաբերմունքի հետևանքով այսօրվա անկառավարելի վիճակին հասցնելու համար։
Նորմալ երկրի կառավարությունը նման իրավիճակում նաև ժամանակ չէր վատնի արձան տեղադրելու հարց քննարկելու վրա; չէր շարունակի վհուկների որսը ընդդիմախոսների նկատմամբ; չէր շարունակի լլկել արդարադատության դեռևս մնացած ծվենները՝ կալանքի տակ պահելով կորոնավիրուսի խոցելի խմբում գտնվող կալանավորներին․․․ անվերջ կարելի է շարունակել կառավարության ու Երևանի քաղաքապետարանի անիմաստ հարցերով ժամավաճառության օրինակները։
Մինչդեռ օր ու գիշեր բոլոր ուժերը կենտրոնացնելով՝ պետք է ուղիներ գտնեին համավարակը հաղթահարելու համար։ Չեն անում, որովհետև կառավարման փորձ, գիտելիքներ ու հմտություններ չունենալու կողքին նաև ինքնուրույն մտածելու ընդունակություն չունեն։ Արևմտյան «դասագրքերով» սերտած հեղափոխությունը հրաշալի իրականացնելուց հետո ՝ երկու տարի ականտեսն ենք «թավշյաների» շարունակական ձախողումներին բոլոր ոլորտներում։ Համավարակի դեմ լիակատար անճարակությունը՝ նրանց հնարավորությունների ցուցանիշն է։
Հասկացանք, որ չեն խոստովանի իրենց անզորությունն ու տգիտությունը, բայց գոնե հնարավո՞ր է չէ հանրապետությունում բնակվող պրոֆեսիոնալ կադրերից կազմված հակաճգնաժամային խորհուրդ ստեղծել․ լիովին ապաքաղաքական մարմին, որը կզբաղվի միայն համավարակը հաղթահարելու հարցերով։ Բայց սա էլ չեն անում, որովհետև չունեն նաև հայրենիքի ու պետականության զգացողություն։
Ընդունակ են միայն գավառական ինտրիգներով իրավական գործընթացների վրա ճնշում գործադրելու հարցում։ Ինչքան ծանծաղամիտ պետք է լինեն՝ մտածելու համար, թե մեկնումեկը կհավատա, որ համակարգիչը պատահականորեն ընտրեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ քննելու համար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ դատարան ուղարկած բողոքը։
Երկու տարվա ընթացքում օրենք-օրինականության հետ կապ չունեցող այս դատական գործը ցույց տվեց, որ մարդկային ստորությունն ու տականքությունը սահման չունի։ Այրելով մարդ կոչվելու բոլոր սյուները և հակաօրինական ծառայություններ մատուցելով ճամպրուկների վրա նստած իշխանությանը՝ հետագայի ի՞նչ հույսեր ունեն այս գործում թաթախված դատավոր-դատախազները։ Մի՞թե ակնկալում են, որ կներվեն կամ կմոռացվեն իրենց օրինախախտումները։ Ո՛չ․ ողջ հասարկությունն է արդեն ճանաչում նրանց, և ով էլ լինի հաջորդ իշխանությունը, ստիպված է լինելու կատարել հանրային պահանջը՝ հապարակավ զրկել նրանց դատաիրավական համակարգում երբևէ աշխատելու իրավունքից։
Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, ապա արդեն օրակարգում է նրանց անցնցում հեռացնելու ձևը ․․․ Երկիրը փորձանքներից ազատել է պետք:
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը