06 07 2021

Պարտադրված զրույց զոմբիի հետ. Լիա Իվանյանի հոդվածը Panorama.am-ում

Պարտադրված զրույց զոմբիի հետ. Լիա Իվանյանի հոդվածը Panorama.am-ում

Լիա Իվանյանը Panorama.am-ը գրում է․

«Ոչ ոք չի վիճում, որ բոլորն  ունեն կարծիք ունենալու և հայտնելու  իրավունք։ Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք դա իր միտքը կամ տեսակետն է, թե մեխանիկորեն կրկնում է  այլոց կողմից իր ուղեղում  դաջած դոգմաները։

Տարբերելն այնքան էլ դժվար չէ․ եթե մարդու ասածի մեջ կա տրամաբանության թեկուզ մի փոքրիկ հատիկ, ապա պետք է ընդունել, որ դա նրա մտքերի ընթացքն է, և պարտադիր չէ, որ այն լիովին ըմբռնելի լինի մնացյալի  համար։ Բայց երբ  մեկը թութակի պես կրկնում է հազար հոգու կողմից ասված նույն անիմաստ-անտրամաբանական  բացարձակ անհեթեթությունը, հասկանում ես, որ գործ ունես զոմբիի հետ։ Մեկ-երկու  զոմբին հոգ չեն, բայց երբ զոմբիանում է հասարակության մոտ կեսը, ապա  տվյալ հանրույթի  կործանումն անխուսափելի է։ Ինչը տեսնում ենք Հայաստանի օրինակով։

Երևի քաղցկեղի նման  անբուժելի   հիվանդություն է զոմբիությունը։ Բայց այն տարբերությամբ, որ քաղցկեղը դու չես ընտրում, իսկ  զոմբիանում ես քո սեփական կամքով։ Դու անջատում ես  քո ուղեղը, հանձնում ես մտածելու ունակությունդ ուրիշին  և դառնում ես ինչ-որ մեկի մուրճը, պողպատն ու հայրենիքը ծախելու ստորագրությունը։

Մեխանիկորեն կրկնում ես գլուխդ մտցրած  լոզունգներ՝ առանց դրանց իմաստը հասկանալու։ 1988-ին գոռում էիր «Ղարաբաղը մերն է»; 1998-99-ից սկսած  բողոքում էիր, թե  քանի կա Ղարաբաղը, լավ չես ապրելու; 2018-ին կոկորդ էիր պատռում՝ «հող հանձնողին հողին կհանձնենք»; 2020-ի սեպտեմբերին դողում էիր Արցախի ամեն թիզ հողի վրա;   2021-ի ընտրություններում ձայնդ տալիս ես հող հանձնողին․․․  կողմնորոշվի, հա, վեջապես՝ քո սեփական միտքը ո՞րն է։

Լա՞վ ես ապրում հիմա Արցախը կորցնելուց հետո։ Ոռոգման ջուրը գլվլալով հոսում է արտերովդ, հիանում ես բերքովդ ու եկամուտներդ ես հաշվում, անհետ կորած կամ զոհված ազգական չունես, անվտանգ քնում ես քո սահմանամերձ դարձած գյուղում․․․  Հալալ է քեզ, զոմբի, եթե կուռքիդ պաշտամունքը  ծածկում է իրենով մնացած բոլոր պահանջմունքներդ։

Հիմա հերթական «ֆաս» հրահանգով արցախցիների և նախկինների դեմ նոր թափով վարկաբեկում է սկսվել։ Մարդ կոչվելու իրավունք չունեցող ինչ-որ սուբյեկտներ նոր միֆեր են տարածում Լինսի  հիմնադրամի մասին, չկռված արցախցիների մասին, Քոչարյանի նկուղում պահված գերիների  ու Զատիկին հավաքած հավկիթների մասին․․․ Զոմբի ջան,  ախր որ հավատում ես էդ  ցածրակարգ ֆանտաստիկային, աչքովդ չե՞ս տեսնում, որ կուռքդ արդեն Հայաստանն է ծախում, որ բանակդ է արդեն ոչնչացրել, որ  հենց քո հացն ու ջուրն է  կտրում։

Կասեինք, գլուխդ քարը, դու՝ քո հիմարությունը, ապրի ոնց ուզում ես։  Բայց չենք կարող, որովհետև, ցավոք, դու  քո մեկ ձայնով ազդեցություն ունես իշխանության ձևավորման հարցում։ Եվ այսօր, երեք տարվա մեջ երկրորդ անգամ  դու քո ընտրությամբ աջակցեցիր պետության կորստին։ Ո՞նց կարող է առողջ մարդը հավատալ երեք տարի ամեն օր ստած մեկին, ով 5000 հոգու մահվան պատճառ դարձավ։    Եվ հիմա նույն սուբյեկտը հանգիստ աճուրդի է դրել Հայաստանը։ Եվ դու, զոմբի, քո բաժին մեղքն ունես այդ առևտրում։

Բուժվելն այնքան էլ դժվար չէ, զոմբի ջան, եթե կարողանաս փակել ականջներդ տարածվող հերյուրանքների դեմ, և լայն բացած աչքերով  նայես շուրջդ կատարվողին։ Հ1-ից բացի մեկ- մեկ էլ Արմնյուզ  և 5-րդ ալիք նայի գոնե համացանցով, բայց կարևորը՝  հայացքդ մի փախցրու սիբիրախտից անկած կովերից և  չջրելուց  ճաքճքած հողից ։ Դա է քո և քո  կուռքի դեմքը։ Կուռքդ անիծված է մինչև յոթը պորտը, բայց դու դեռ փրկվելու շանս ունես՝  ընդամենը նրա մանիպուլյացիաներին չենթարկվելու միջոցով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ