20 05 2020

Պետությունը դարձել է որբի գլուխ, բոլոր կողմերից խուզում են․ Նարեկ Սամսոնյան

Պետությունը դարձել է որբի գլուխ, բոլոր կողմերից խուզում են․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին 6-րդ վարչություն հրավիրելու և նրա աջակիցներին բերման ենթարկելու փաստին, նշեց․ «Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին ապացուցեց, որ դարձել է վատագույն իշխանությունը»։

«Գործ ունենք մի իշխանության հետ, որն անցել է բոլոր սահմանները:Ես գիտեմ՝ ոստիկաններն այսօր ամաչել են, որ այդպիսի ծիծաղելի թեմայով հարցաքննել են Արթուրին։ Հետեւողականորեն ոչնչացվում է ոստիկանական համակարգը եւ այդ համակարգը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ՝ ինձ հարցաքննելիս նրանք գետինն են մտնելու։ Ես չեմ նախանձում այդ ոստիկաններին, մեղք են այդ տղերքը։ Ընդհակառակը՝ ես խոնարհվում եմ նրանց առաջ։ Մեղք է այս պետությունը։ Պետությունը դարձել է որբի գլուխ, բոլոր կողմերից խուզում են։ Գլխավոր դատախազ, բա գետինը չես մտնո՞ւմ։ Գրություն ես ուղարկում 6-րդ վարչություն, թե Դանիելյան Արթուրից հարցրեք՝ ով է՞ սիգարետ բերում», հայտարարել է Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանը հիշեցրել է, որ Արթուր Դանիելյանին 6-րդ վարչություն էին հրավիրել ծխախոտի մաքսանենգության թեմայով գրառում կատարելու համար:

«Դուք իրոք չեք մտածո՞ւմ, որ սրա համար պատասխան եք տալու։ Նույնը, ինչ արվում է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի հետ կապված։ Դուք գիտե՞ք, որ նրանց ուսադիրներն եք տրորում, նրանք պետք է ահաբեկչության դեմ պայքարեն, իսկ դուք ստիպում եք այդպիսի բաներով զբաղվեն։ Դատախազությունը ստիպել է, որ Արթուր Դանիելյանին 6-րդ վարչությունում նմանատիպ թեմայով հարցաքննեն։ Սա զավեշտից դուրս է, որովհետև Հայաստանում արդեն չկա մի մարդ, որը չգիտի՝ այդ գործով Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է զբաղվում», ասել է Նարեկ Սամսոնյանը:

«Գնացե՛ք, հարցաքննեք այն անկառավարելի մարդուն, որն այս երկիրը և ձեզ սարքել է մարդիկ, որոնք ամաչում են ուսադիրներ կրել»,- ասել է նա և հավելել, որ այդպիսի քայլերը ոչնչացնում են ոստիկանական համակարգը:

«Այսինքն, ես կամ Արթուր Դանիելյանը պիտի ասենք, թե ով է ծխախոտ արտահանում, լո՞ւրջ չգիտեք, «Նակոլկա Շուշոյին» չգիտե՞ք, հարցաքննե՞լ եք, թե վախենում եք, որ հարցաքննեք, նա ասի, որ Աննայի ասածով է եղել: Հասկանո՞ւմ եք՝ ուր եք մտնում, հասկանո՞ւմ եք,  ոստիկանների ողնաշարը կոտրում եք, որ ի՞նչ անեք: Ի՞նչ եք անում, ոստիկանությունը դարձել է մարդկանց ետևից ընկնող և զզվելի քաղաքական հետապնդումներ իրականացնող մարմին։ Դիմացեք, տղերք, հեծանիվի տակ ընկնող այս իշխանությանը քիչ է մնացել։ Դրանից  հետո ոչ ոք ձեզ չի ստիպելու անպատվաբեր գործերով զբաղվել։ Ոստիկանը մեր երկրում լինելու է սպայի պատիվը հարգող, հասարակության հարգանքը վայելող մարդ»,- նշել է Սամսոնյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ