19 05 2020

Վտանգավոր և անհիմն լուրերի տարածմամբ զբաղվել է հենց կառավարությունը․ փաստահավաք

Վտանգավոր և անհիմն լուրերի տարածմամբ զբաղվել է հենց կառավարությունը․ փաստահավաք

COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ հանդես է եկել հայտարարությունով, որում ասվում է.

«Մայիսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ը։ Հարկ է նշել, որ արտակարգ դրություն մտցնելու պահից Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ոչ թե նվազում, այլ մշտական աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է իշխանության ապաշնորհ գործողություններով, կառավարության անլուրջ և անպատասխանատու վերաբերմունքով։

Կառավարության որոշմանը հաջորդեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունն առ այն, որ կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները պետք է փոխանցել իրավապահ մարմիններին՝ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։

Հարկ ենք համարում նշել, որ դեռևս փետրվար և մարտ ամիսներին, երբ աշխարհում կորոնավիրուսը լայն թափով տարածվում էր, Հայաստանում մինչև մարտի 12-ը ներառյալ ընթանում էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզչություն, որի շրջանակներում իշխանական կուսակցությունն անցկացնում էր հանրահավաքներ Հայաստանի ամբողջ տարածքում։

Առողջապահության նախարարն էլ իր ելույթներում հիմնական շեշտադրումը կատարում էր նրա վրա, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, պետք չէ հատուկ նշանակություն տալ այդ վիրուսին և այլն։ Հետևաբար, քաղաքացիների համար վտանգավոր և չհիմնավորված լուրերի տարածմամբ զբաղվել է հենց կառավարությունը։

«Դավադրությունների տեսության» առաջին տարածողները վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էին, ուստի առաջին հերթին նրանք պետք է իրավապահ մարմինների կողմից հրավիրվեն՝ պարզելու համար, թե ինչո՞վ էր պայմանավորված նման անպատասխանատու հայտարարություններ անելն, ինչը հասարակության շրջանում թուլացրեց զգոնությունը և առաջացրեց թերահավատություն կորոնավիրուսի նկատմամբ։

Իրավապահ մարմինները պետք է նաև պարզեն՝ արդյոք իրավաչափ է թեթև ախտանշաններ ունեցող կորոնավիրուսի վարակակիրներին չմեկուսացնելու վերաբերյալ որոշումը։

Փաստացի, կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում տապալվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացն, ինչի պատճառով կորոնավիրուսի տարածումը դուրս եկավ վերահսկողությունից, սպառվեցին մեթոդներն ու միջոցները, որպես հետևանք էլ՝ վարակակիրների մեկուսացում անելու հնարավորություն կառավարությունն այլևս չունի և ստիպված է վարակակիրներին իրենց տներում մեկուսացնել՝ նպաստելով տան մյուս անդամների վարակվելուն և վարակի տարածման աղբյուր դառնալուն։ Կառավարության ձախողված քաղաքականության պատճառով այժմ վտանգված է հանրային առողջությունը։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ոչ թե հասարակությունն, այլ կառավարությունն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նշենք, որ ողջունելի ենք համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացավ՝ կորոնավիրուսի տարածումն ազգային անվտանգության հարց է, այդուհանդերձ, Փաշինյանը շարունակում է չգիտակցել, որ այդ հարցի լուծման պատասխանատուն իշխանությունն է՝ առաջին հերթին ինքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ