16 05 2020

Սահմանադրական դատարանի հարցը կլուծվի խորհրդարանում․ Փաշինյան

Սահմանադրական դատարանի հարցը կլուծվի խորհրդարանում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում նույնիսկ հանրաքվե նախաձեռնելու ընթացքում իրենք մտադրված են եղել խորհրդակցել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս մասին Փաշինյանը ասաց ասուլիսի ժամանակ։

 «Մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան՝ հանրային առողջության շահը։

«Հանրաքվե անելն անհնար է, բայց, մյուս կողմից, մենք չենք կարող սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի, եթե նույնիսկ էդպես սպասենք, մենք առաջիկայում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորելու, էդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ դիմել են Վենետիկի հանձնաժողով ու քննարկվում է ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով մասնակկի կամ ամբողջական Ազգային ժողովում լուծելու հարցը։

«Ինձ համար ակնհայտ է՝ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարողանալու անենք, բայց չենք էլ կարողանալու սպասել, հետևաբար, ոչ մի բան չի խանգարում միջազգային մեր գործընկերների հետ մեր աշխատանքը մի քիչ կարգաբերենք ու ստանանք հնարավորինս արդյունավետ ու, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ», - ավելացրեց Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ