«ՎԵՏՕ» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հանցագործության մասին հաղորդմամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Վերջերս համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ սորոսական 2 կին քննարկում են «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործունեությունը:
Տեսանյութում, պատահականությամբ, թե դիտավորությամբ, այդ կանայք՝ Լուսինե Խառատյանը և Զարուհի Հովհաննիսյանը, հայտնում են, որ սորոսականները փակ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում միջնորդել են վարչապետին՝ ապօրինաբար պատասխանատվությունից ազատել «Ռեստարտ» խուլիգանախմբի 6 անդամներին, որոնց մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի մարտ ամսին Ն. Մալյանի նկատմամբ առևանգման փորձ կատարելու համար:
Ըստ սորոսական բանախոսների, վարչապետն արձագանքել է, որ այդ անձինք պետք է դատվեն կամ պատժվեն:
Տեսանյութում առկա տեղեկատվությունն առաջացնում է մի շարք մտահոգիչ հարցեր՝
• Վարչապետի հետ ի՞նչ փակ հանդիպման մասին է խոսքը, ե՞րբ է այն տեղի ունեցել, ովքե՞ր են ներկա եղել, ի՞նչ հարցեր են քննարկվել.
• Արդյո՞ք, բացի «Ռեստարտ» խուլիգանախմբի մեղադրյալ 6 անդամից, այլ անձանց համար ևս միջնորդություն է արվել՝ քրեական պատասխանատվությունից ազատելու համար, թե՝ ոչ.
• ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով սահմանված ո՞ր լիազորությունից է օգտվել կամ օգտվում վարչապետ Ն. Փաշինյանը, երբ հայտարարում է, որ այս կամ այն անձը պետք է դատվի կամ պատժվի. արդյո՞ք դա չի նշանակում, որ նույն կերպ շատ հանցագործներ պարզապես ազատվում են պատասխանատվությունից՝ սորոսականների միջնորդություններով:
Եթե տեսանյութում առկա տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա ակնհայտ է, որ բանախոսների արարքում /կամ վարչապետին անմիջապես միջնորդողների արարքում/ առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածով /Արդարադատության իրականացմանը և քննության խոչընդոտելը/ նախատեսված հանցավոր արարքը, իսկ վարչապետ Ն. Փաշինյանի արարքում՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը/ նախատեսված հանցավոր արարքը:
Ելնելով վերը նշվածից՝ իրավասու ենք եզրակացնելու, որ «Ռեստարտ» խուլիգանախմբի անդամներին որևէ պատճառով չդատելու կամ արդարացնելու դեպքում, դա տեղի է ունենալու վարչապետ Ն. Փաշինյանի վրա՝ սորոսականների կողմից հերթական փակ հանդիպման ընթացքում գործադրված ճնշման արդյունքում:
Սույն հայտարարությունը խնդրում ենք դիտել որպես հաղորդում հանցագործության մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը