16 06 2021

«Կարճ ասած»․ Ով ինչ թիմով է գալիս․ հատուկ նրանց համար, ովքեր չեն կողմնորոշվել կամ սխալ են կողմնորոշվել



Հայաստանում 4 օրից խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Չեմ կարծում, թե ունենք ընտրող, որը հիմա դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու և պետք է մտնի քվեախուց, անունները կարդա, նոր ընտրի։ Բայց եթե կան մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվել, լավագույն տարբերակը նայելն է ծրագրերը, իրենց վիճակը ու նայել թիմերին։ Մեր ընտրողը շատ քաղասքականացված է ու շատ լավ ճանաչում է թեկնածուներին, առաջադրված թիմերին։

Վերցնենք թեկուզ հենց իշխանական այսօրվա ուժին։ Անցնենք ցուցակի վրայով․ Արարատ Միրզոյան․ մարդը եղել է փոխվարչապետ, ԱԺ նախագահ․ բայց այս մարդուն քաջ հիշում ենք երկու դրվագով՝ 1-ին որպես հայ-թուրքական գործակալ, որի հայկական մասը անձամբ հաստատել է, և հայտնի է Արցախը հանձնելու գիշերը կերած ծեծով։ Հիմա նրան ընտրողը պետք է հասկանա՝ հետագա 5 տարիներին ի՞նչ եմ սպասելու Արարատ միրզոյանից։ Այ ասում են փայլուն տիրապետում է փոշեկուլին, պիլեսոս է անում։

Ցուցակի երրորդ համարը Լիլիթ Մակունցն է․ մարդն ընդամենը մի քանի ամիս աշխատեց մշակույթի նախարար ու նրան հաջողվեց ապացուցել, որ մեզ՝ 25 հազարից ավելի պատմամշակութային հուշարձան ունեցող երկրին, հազարամյակների պատմություն ունեցող երկրին մշակույթի նախարար պետք չէ։ Բայց նաև նաև հանդես եկավ որպես վատ գուշակ ու վերլուծաբան, որը պատերազմից բառացիորեն երկու օր առաջ ասաց, որ եթե լինի պատերազմ, Թուրքիան Ադրբեջանին չի աջակցի։ Ադրբեջանը, արդյունքում, պատերազմը հաղթեց Թոեւրքիայի՝ ամեն կարգի աջակցությամբ։ Հիմա էս նա ցուցակի առաջատար է։

Պապիկյան Սուրեն, ասում էին խելոք-հանգիստ տղա է, մեկ էլ օրերս բացահայտեցինք, որ մարդը լավ էլ տափուկ միլիոնատեր է․ ասֆալտի պատմություն կա, ու լուրեր, որ էս մարդը Հայաստանի ճանապարհներին ասֆալտը քերելու և նորից փռելու արդյունքում դոլարային միլիոնատեր է դարձել։ Ձեզ ասում են՝ ժողովուրդ ասֆալտը ենք անում, որ դրա վրա մարդկանց փռենք, բայց պարզվում է, որ նաև հարստանում են ահավոր տեմպերով։

Սուքիասյան Խաչատուր, էս ամբողջ ցանկի ամենաթեժ թեկնածուներից մեկն է․ հեշտ է կարդալ թեկնածու անունը ու անցնել առաջ․ բայց նա միայն թեկնածու չէ․ էն որ ասում են օլիգարխ, հենց աչքի առաջ Խաչատուր Սուքիասյանի պատկերն է գալիս։ Գործարար է, որը իրեն փայլուն է զգացել բոլոր ժամանակներում, նախկինների օրոք նախկին է եղել, ներկաների օրոք ներկա է։ Տեսակի հարց է, նա չեմ զարմանա, եթե վաղը սուր քննադատի Նիկոլ Փաշինյանին, չէ՞ որ Սերժ Սարգսյանի օրոք լայն ժպիտով նկարներ ունի հետը, բայց էսօր քննադատում է։ Էն որ ասում էին պետք է բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատել, առաջինը բոլորը նրան նկատի ունեին։ Այսօր թեկնածու է պատգամավորի։

Նազարյան Լենայի մասին կարող ենք չխոսել, հենց նա բերանը բացում է, հումորային հաղորդումների դիտումներն ավելանում են․ միայն վերջին հարցազրույցի կտորը հիշեմ՝ «Ինչո՞ւ եք մեզանից պահանջում գերիներին բերել, ադրբեջանից պահանջեք» և այլն։

Թորոսյան Արսեն․ մարդը աշխատեց առողջոապահության նախարար ու հայտնի դարձավ որպես դոկտոր մահ․ Արսեն Թորոսյանը ասում էր, թե կորոնավիրուսը սովորական վիրուս ա, անլուրջ պատրաստվեց, անլուրջ մոտեցավ, իսկ այսօր արդեն 5 ու կես հազար մահ ունենք։ Արսեն Թորոսյանի նախարար լինելուց օգտվել է միայն իրենց ընտանիքը․ կնոջ հիմնարկը հսկայական թվո պետպատվեր ունի։ Ու էդ փոքրամարմին մարդը օրերս նկատեցինք, որ քայլում է թիկնապահներով։

Ենթադրում եմ, որ այդ ցանկի գեներալը՝ Գագիկ Մելքոնյանը, վաղը կդառնա պաշտպանության նախարար․ էս մարդը, պարզվում է, իրենց ցանկի մեկ այլ անդամի՝ Ալեն Սիմոնյանին, քիչ է մնացել սովամահ աներ, ու Սիմոնյանը փրկվեց միայն նրա համար, որ գերեզմանոցներում բաներ գտավ կերավ։ Գագիկ Մելքոնյանը 2008 թվականին բանակը խառնում էր քաղաքականությանը ու վստահաբար՝ դա կանի նաև հետո։

Քոչարյան Անդոնը, որի որդին մինչ այժմ մեզ համար կասկածելի պայմաններում բանակում չծառայեց, որի 90-ականներին Գյումրիում քաջագործություններից դրվագներ են պատմում, այդ թիմի մեջ է, Հովակիմյան Վահագնը, որը անհաջող լրագրողից դարձավ անդիպլոմ սահմանադրագետ ու բոլոր ծիծաղելի օրենքների հեղինակը։ Հայկ Սարգսյանը, որը խոսում էր երկաթբետոնե տներից, բայց հերը վաղուց սարքել է դրանից, որ մեկ միկրաֆոն է գողանում, մեկ հեռախոս է գողանում, այսինքն՝ չբռնված գող է։

Թիմի անդամներից շատերը, ի դեպ, հետաքրքիր են նաև հարազատների միջավայրում․ իրար հետ խռով են, հայրը որդու դեմ է, եղբայրը եղբոր ու այդ հարաբերությունները հանել են բեմ։ Ինչք՞ն ափսոսալու էր, օրինակ, որ իշխանությունը ապօրինի կերպով աշխատանքից ազատեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին, իսկ նրա եղբոր դուստրը, որ Էջմիածնի քաղաքապետն էր, իրեն պահեց այնպես, իբր թե ոչինչ չէր եղել։

Էլի անուններ տա՞մ․ լիքը սորոսականներ կան թիմում, այնքան, որքան կբավարարի մի ամբողջ խմբակցություն ունենալու համար, մարդիկ, որոնք թրքասիրության պրոպագանդա են անում, կան քառակուսին հեկտարից չտարբերող մարզպետներ և այլն։ Ու իհարկե՝ թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը երեք տարում մի քանի բանով աչքի ընկավ՝ սպառնալիք, գոռգոռոցներ, ատելության քարոզ, տված խոստումների մերժում և այլն։

Հա, կան մարդիկ, որոնք Դատալեքսում բավականին շատ են հայտնվել։ Գո՞հ ես այսպիսի թիմից, որոշելիքը քոնն է, ժողովուրդ ջան, ես չեմ ասում ընտրի կամ մի ընտրի, ես ասում եմ՝ ծանոթացի, որ կողմնորոշվես։

Հետո թեքվիր ու նայի «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկը։ Դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, բացեք կենսագրությունը․ հաղթել է արցախյան պատերազմում, ազատագրել է հայրենիք, եղել է վարչապետ, նախագահ՝ երկու երկրում, չեմ կարդացել որևէ նյութ այն մասին, որ տվել է խոստում ու չի կատարել, 1998 և 2003 թվականների նախընտրական ծրագրերի կատարումները 100 տոկոս են, նրա մասին ինչ ասես ասել են, բայց հերքվել է։ Մարդը ուժի մարմնացում է, հզորության, չի գոռում, չի ստում։ Նրա օրոք Հայաստանի բյուջեն անգամներով է աճել, հարյուրավոր տոկոսներով, արտաքին պարտքը քչացել է, տնտեսությունը զարգացել է, աղքատությունը պակասել է, ներգաղթ է եղել մի քանի տարի, աշխատատեղեր են բացվել լիքը։

Նայեցինք թիմի առաջնորդին, հիմա նայենք թիմը․ Իշխան Սաղաթելյան, երիտասարդ դաշնակցակլան է, որը մեր պետության մեջ մի քանի ամիս մարզպետ է աշխատել, որից հետո էլ ակտիվ պայքարել է կապիտուլյանտների դեմ․ հզոր կուսակցության հայաստանյան ղեկավար է։ Վահե Հակոբյանը աշխատել է Սյունիքի մարզպետ ու իր մարզում իրեն վատով չեն հիշում, ունի թասիբ, ու իր մարզը ունի թասիբ։ Արմեն Գևորգյանն աշխատել է փոխվարչապետ ու մինչև հիմա կառավարությունում որպես լավ մենեջերի իր անունով երդվում են։ Սեյրան Օհանյան, հայրենիքի համար առողջությունն է տվել, հայրենի հող է փրկել։

Ցանկում կան անվանի բժիշկներ, իրավաբաններ, բազմաթիվ ոլորտի փորձառու դեմքեր։ Գիտե՞ք ինչու եմ այս ցանկերը կարդում։ Ասեմ։

Հայաստանի հեռացող կառավարության ամենամեծ խնդիրներից մեկը կադրային սովն էր․ կյանքում ոչ մի տեղ չաշխատածը դառնում էր արտաքին գործերի փոխնախարար, պատգամավոր․ փոխնախարար էին նշանակում, հետո հայտնաբերում էին, որ տարիքը օրենքով նախատեսվածից անգամ փոքր է։ Երեք տարում 6 ԱԱԾ պետ էր փոխվում, 3 գենշտաբի պետ էր փոխվում, լիքը ոլորտներ հասցրեցին ֆիզիկական ու բարոյական սննկացման։ Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունում իրավաբանը չի դառնա առողջապահության նախարար կամ Քոչարյանը չի հրավիրելու իր ցուցակի անդամներին ու ասի՝ ձեզ որտե՞ղ եք պատկերացնում։ Նա գիտի ով ինչի է ընդունակ։ Ռեստորանում քարշ եկողըբ չի դառնա պաշտպանության նախարար, ամենաթույլ գեներալը չի դառնա գենշտաբի պետ, երկիրն ընտանիքով չեն կառավարի։

Կադրային բազան ամենակարևորն է․ խնդրեմ՝ էս ամենակարևոր փուլում Հայաստանը արտաքին գործերին նախարար չունի, մարդ չկա, որ նշանակեն, մարդ չի ուզում աշխատել, պրոֆեսիոնալը չի ուզում աշխատել։ Մի փոխնախարարի գործից հանում են, ամիսներ շարունակ տեղը դատարկ է մնում։

Մուս բոլոր ուժերին էլ կարող եմ անդրադառնալ, բայց ժամանակս չի ների։ Բայց շատ են փոքր թիմերը, որոնցում թեև մեկ-երկու լավ խոսացողներ կան, բայց չես հասկանում, թե ինչ թիմեր ունեն, ինչ են անելու իշխանությունը ստանձնելու պարագայում։ Լավ խոսելը շատ քիչ է ու կարծում եմ՝ այսօր զուտ խորհրդարանում ընդդիմություն լինելու համար պայքարելը տեղին չէ։ Ընտրություններին մասնակցողների կեսից շատին միայն 5 ամիս պետք է, որ հասկանան, թե պետությունն ինչ է ու ոնց է կառավարվում։ Անգամ գործողները 3 տարում չհասկացան։

Կարճ ասած՝ կարևորը թիմն է, պետք է ունենաս էն թիմը, որը գալու է ու փոխի քո երկիրը, քո կյանքը։ Մարդ, որ ինքն իրեն, իր թիմին չի կարողանում կառավարել, նա չի կարողանա կառավարել երկիրը։ Թիմն է կարևորը, ժողովուրդ, թիմն է հարց լուծելու, միայնակ մարդը չի կարող։ Ես վստահ եմ, որ վաղը ոչ ոք չի ասելու՝ խեղճ Քոչարյանը ո՞նց լուծեր էսինչ հարցը․ որովհետև գիտեն՝ նա չի խեղճանա։ Իսկ ուժեղ մարդը չի կարող թույլ թիմով գալ։

Երկիրն էս մղձավանջից հանելու հայտ ներկայացրածների մեջ փնտրեք նրանց, ովքեր իրոք կարող են դա անել։ Ու հիշեք՝ եթե մեր երկիրը լավ կառավարվեր, չէինք հասնի այս ծայրահեղ վիճակին ու չէինք ունենա արտահերթ ընտրություններ։ Ու նաև հիշեք՝ նա, ով հասցրել է այս վիճակին, չի կարող հանել մեզ ճահճից։ Աղետի հետևանքները հաղթահարելուց ավելի հեշտ էր աղետի չհասցնելը։

Մնաց 4 օր։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ