Tert.am-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու որոշումն ինձ համար սպասելի էր։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Ըստ Սողոմոնյանի՝ դատական այս ամբողջ գործը կազմված է երեք կոնտեքստներից․ «Կոնտեքստ՝ իբր կա սահմանադրական կարգի տապալում, ավելին՝ մարտի 1-ի զոհերի փաստը, որի մեղավորը երկրորդ նախագահն է։ Երկրորդը՝ կա այնուամենայնիվ ինչ-որ հանցանք և օրենքներով հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ և վերջապես երրորդը՝ ոտնահարելով բոլոր օրենքներն ու բարոյականությունը՝ ուղղակի Ռոբերտ Քոչարյանին պահել բանտարկված»։
Վիկտոր Սողոմոնյանի դիտարկմամբ՝ երեկվա կայացած նիստով Աննա Դանիբեկյանը հաստատեց այս երեք կոնտեքստները։
Վիկտոր Սողոմոնյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո չի մնացել մի պետական ու ոչ պետական ինստիտուտ, որոնց ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդ չլինեն։
Վիկտոր Սողոմոնյանը նորից շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ հիվանդություն է առաջացել կալանքի տակ գտնվելու ժամանակ․ «Մարդը առողջ տեղափոխվել է ՔԿՀ, և այնտեղ ձեռք է բերել հիվանդություն։ Երեկվա նիստը իրավաբանության ինքնասպանություն էր, ու այսպիսի որոշում կարող էր կայացնել ավտորիտար նպատակներով տոգորված քաղաքական մի գործիչ»։
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ դատավորը հանցագործություն է կատարել․ «Մենք այսօր գործ ունենք ավտոկրատ ռեժիմի տակ գործող դատարանների հետ։ Ես չեմ արդարացնում դատավոր Աննա Դանիբեկյանին, բայց այս գործն ու կայացված որոշումները քաղաքական են»։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, և նախագահի փաստաբանական թիմն այս գործից քարը քարի վրա չի թողել։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նախագահի գրասենյակը դիմե՞լ է դեսպանատների, միջազգային կառույցների, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է․ «Իհարկե, դիմել ենք և չկա մի դեսպանատուն կամ էլ միջազգային կառույց, որը տեղեկացված չէ՝ ինչ է կատարվում այս գործի շրջանակներում։ Դիմել ենք ու չկա որևէ արձագանք, և եթե իրենք պատրաստ են զոհասեղանին դնել իրենց արժանապատվությունը, ապա ցավում եմ իրենց համար»։
Վիկտոր Սողոմոնյանը վերահաստատում է իր այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս իր այլ ծառայությունների, նոր մեծ ծառայություն է մատուցում հայ ժողովրդին․ «Եթե նախագահն այս զրկանքների միջով չանցներ, մենք գուցե մի քանի տարի հետո հասկանայինք՝ այս իշխանությունների իրական դեմքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը