12 05 2020

​ԼՂ հարցով այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են․ ԱԳՆ

​ԼՂ հարցով այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են․ ԱԳՆ

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում էին տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Իր բացման խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց գործընկերներին` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` նշելով. «Զոհվածների, նացիստական տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչեցված դիտարկումների առնչությամբ ԱԳ նախարարը, մասնավորապես, ընդգծեց, որ խնդրի կարգավորումը կարող է հիմնվել միայն փոխզիջման և կողմերի ստանձնելիք պարտավորությունների համարժեքության վրա: «Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են»:

Ի թիվս այլ որոշումների՝ ԱՊՀ ԱԳ նախարարները ստորագրեցին 2021-2030թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների՝ միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությունը, 2021-2030թթ. ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը, շահագրգիռների ձևաչափով՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագիրը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ