«Մեդիա պաշտպանը» անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանում տեղեկատվական ահաբեկչություն և տեռոր կա:
«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՄԻՊ Արման Թաթոյանի հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց։ Մասնավորապես, Արման Բաբաջանյանն Արման Թաթոյանին ուղղված խոսքում պնդեց, որ Հայաստանում տեղեկատվական ահաբեկչություն և տեռոր կա, այունհետև պնդեց, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններից մեկն անթույլատրելի բառամթերք է օգտագործում և պիտակավորում է պաշտոնյաներին։
Արման Բաբաջանյանը, փաստացի, լրատվական դաշտում գործող լրագրողներին տեղեկատվական տեռորիստ է անվանում, որն անթույլատրելի է։ Ոչ վաղ անցյալում, Արման Բաբաջանյանն ինքը լրատվական դաշտի ներկայացուցիչ էր, և նախկին գործընկերների նկատմամբ նման վերաբերմունքը չի բխում գործընկերական էթիկայի կանոններից։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պատգամավորին մնալ կոռեկտության սահմաններում, չպիտակավորել լրագրողների և լրատվականների աշխատանքը: Պետպաշտոնյաների գործունեությունը կարող է քննադատության ենթարկվել, և դրան պետք է հանգիստ վերաբերել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը