Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաալիքին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Հաղթանակի տոնին և այլ թեմաների։
Վարչապետը նշել է՝ Հաղթանակի օրը տոն է, որը միավորում է ամբողջ քաղաքակիրթ հասարակությանը: Այն կարեւոր է ոչ միայն ԱՊՀ եւ հետխորհրդային երկրների, այլ նաեւ ամբողջ աշխարհի բոլոր պետությունների համար:
Նա պատմել է, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր:
«Ընտանիքում պահպանվել են միայն մի քանի լուսանկարներ եւ փոքրաթիվ պատմություններ նրա մասին: Նիկոլ Փաշինյան ավագի մասին հայտնի է, որ նա 138 դիվիզիայի 554 հրաձիգային գնդի սերժանտ էր:Փաստաթղթերից մեկում նշված է, որ նա զոհվել է 1943 թվականի փետրվարին, այլ փաստաթղթեր վկայում են, որ նա անհետ կորել է. վարկածներից մեկով՝ Ստալինգրադում, մյուսով՝ Ղրիմում: Ռազմաճակատում զոհված, անհետ կորած իմ պապի մի քանի խամրած, հին լուսանկարներ. ահա այն ամենը, ինչ մենք ունենք: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով են, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ հայ հասարակությունում չեն մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։
Այդ համատեքստում վարչապետը նշել է, որ մայիսի 9-ին, չնայած կորոնավիրուսի պանդեմիային, երկրում կանցկացվեն տոնական միջոցառումներ, կկայանա կործանիչների շքերթ, իսկ 208 վետերաններ կստանան պատվավոր պարգեւավճարներ ավելի քան 600 դոլարի չափով:
«Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը զոհվելն է հանուն հայրենիքի, եւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,-ընդգծել է վարչապետը:
Փաշինյանը մաղթել է բոլորին տոնական տրամադրություն եւ կոչ արել չընկճվել, որ տոնական միջոցառումները չեն անցկացվի նախապես որոշված ծրագրով: Նա առաջարկել է այլընտրանք՝ տոնել տանը՝ ընտանեկան միջավայրում, կամ առցանց հարթակներում:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է՝ երկրի ղեկավարի աշխատանքում կա շատ անկայունություն, եւ պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Որպես օրինակ՝ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիան, որը հանկարծակիի է բերել բազմաթիվ երկրներին, քանի որ անկանխատեսելի էր: Միաժամանակ նա նկատել է, որ բազմաթիվ առաջացող խնդիրների հետ մեկտեղ կան նաեւ կանխատեսելի դժվարություններ: Անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը, կառուցել արտաքին հարաբերությունները, աջակցել երկրում քաղաքական կայունությանը եւ այլն:
«Երկրի ղեկավար լինելը նշանակում է 24-ժամյա ծանրաբեռնվածություն: Քանի որ անգամ գիշերվա ընթացքում կարող են զանգահարել: Միակ ուղին, մեթոդը եւ միջոցը հանգստանալու համար հանգիստն է աշխատանքի ընթացքում, աշխատելուն զուգընթաց եւ չկտրվելով դրանից: Կարծում եմ՝ բոլոր ղեկավարներն են այդպես վարվում»,-ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը