Փաստինֆո-ն գրում է․ «Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել 1992-99թթ. խորհրդարանի փոխնախագահ, 2013-18թթ. Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, զրույցն ուզում եմ սկսել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին անդրադարձից: Խորհրդարանում վարչապետը, որը փաստացի այսօր գլխավոր բանակցողն է, այդպես էլ հստակություն չմտցրեց այն հարցում, թե ի վերջո, բանակցություններն ի՞նչ փաստաթղթի շուրջ են ընթանում, արդյո՞ք օրակարգում, «փուլային» կոչվող տարբերակն է: Ձեր կարծիքով ի վերջո, ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում:
- Բանակցություններում կատարվողի մասին կարող են ասել սահմանափակ թվով մարդիկ` մասնակիցները: Այն էլ թույլատրելի կամ փոխպայմանավորված «չափաբաժնով»: Փոփոխակի աշխուժությամբ հրապարակ բերվող հայտարարություններից կարելի է միայն որոշ կռահումներ կամ ենթադրություններ անել: Հարկ է նկատի առնել, թե ո՞ր մայրաքաղաքից են դրանք հնչում` Երևանի՞ց, Բաքվի՞ց, Մոսկվայի՞ց ... Միջազգային կամ ներքաղաքական ի՞նչ իրավիճակում, որը նույնպես հարափոփոխ է:
Քննարկվում է արդյո՞ք բանակցություններում փաստաթուղթ: Իհարկե, քննարկվում է, սակայն քանի դեռ այն չի ստորագրվել, դիվանագիտության մեջ կոչվում է non-paper, այսինքն` ոչ պաշտոնական: Համեմատելի է օրենսդրական աշխատանքում հանդիպող «նախագիծ» եզրույթի հետ, որը կարող է ընդունվել, ստորագրվել, հրապարակվել ու դառնալ օրենք, կամ կարող է որևէ փուլում մերժվել ու ավարտվել: Արդյո՞ք քննարկվում է կարգավորման «փուլային» non-paper, բառացի` ոչ թուղթ, ոչ փաստաթուղթ, այսինքն` ոչ պաշտոնական փաստաթուղթ: Ըստ այժմ շրջանառվող հայտնի պնդման` այո: Նկատի ունեմ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքն առ այն, որ կարգավորման տարրերի մեջ առկա է ԼՂ հարակից տարածքների վերադարձը, ինչպես եւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ բնակչության կամարտահայտման միջոցով։
- ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները չեն հերքել:
- Սերգեյ Լավրովն ասել է «կարգավորում փուլային լուծման հիման վրա»: Բայց նա այլ կարևոր մտքեր էլ է ասել: Դիցուք, պատասխանելով ադրբեջանական կողմից հնչած հարցին` ասել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կարևոր պահանջը ռազմական գործողությունները դադարեցնելը և բանակցելն է: Սա կոչ է կողմերին` չպատերազմել և բանակցել: Եվ երբ նա ասում է, որ «լավ է ու օգտակար» բանակցությունների Երևան-Բաքու-ՄԽ եռանախագահներ -ԵԱՀԿ ՄՆ ձևաչափը, ևս մեկ անգամ հստակեցնում է` ոչ միայն անթույլատրելի է պատերազմելը, այլև բանակցությունները ձախողելը դրանց ձևաչափը փոխելու փորձերի միջոցով: Սա նաև մեզ է ուղղված` բանակցությունների և կարգավորման ձևաչափում այլ մասնակից չի կարող ներգրավվել: Ես հասկանում եմ հետևյալը. անընդունելի է Արցախի մասնակցությունը: Դա է հուշում նաև Լավրովի այն հիշատակումը, որ նախկինում եղել են պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերում` «Ղարաբաղի մասնակցությամբ և առանց մասնակցության», բայց հիմա վերը նշված 2+3+1 կազմն է աշխատում: Ուրեմն այս պահին Արցախի Հանրապետության իշխանության օրինական ներկայացուցիչների մասնակցությունը բացառվում է: Երևի մերոնք առաջարկել են, մերժվել է, կամ մերոնք չեն առաջարկել, հետևաբար չի էլ քննարկվել:
Եվս մեկ հանգամանք. Լավրովը պարզորոշ գծում է բանակցությունների ժամանակային սահմանը, ասելով` «Այժմ հարկավոր է պայմանավորվել»: Ե՞րբ վրա կհասնի «այժմը», աշխատու՞մ է արդեն «այժմի» ժամացույցը, հնարավո՞ր է կանգնեցնել կամ շրջել «այժմի» ժամանակը, գիտեն իրենք` բանակցողները: Ես կարող եմ միայն ենթադրել, բայց դա անիմաստ եմ համարում:
-Պարոն Սահակյան, Սերգեյ Լավրովն ո՞ւմ հետ էր խոսում, իրականում ո՞ւմ էր ուղղված ՌԴ ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունը:
- Հակամարտության կողմերին, կարգավորման մասնակիցներին, բոլորին և բոլորիս:
-Պաշտոնական Բաքվի հայտարարությունների հռետորաբանությունը չի փոխվել, ընդհակառակը, Ադրբեջանում հրապարակավ զինված ուժերին պատերազմի պատրաստվելու կոչ են անում, իսկ Երեւանին համարում են ապակառուցողական, մինչդեռ մեր վարչապետի կարծիքով այդ երկիրը ուզում է հիմնախնդրի լուծում եւ կառուցողական է տրամադրված: Որքանո՞վ է արդարացված այս կեցվածքը եւ արդյո՞ք սա վտանգավոր հայտարարություն չէ:
- Ադրբեջանը ցանկանում է ամբողջը և միանգամից: Ի՞նչ ակունքներից է սկիզբ առնում նրա մաքսիմալիզմը, գիտենք: Նրան թև են տալիս իր ցեղակից, կրոնակից դաշնակիցները, էներգետիկ անդրազգային կորպորացիաները, իր արժեքները պաշտպանելուն անկարող Արևմուտքը, կոռուպցիան: Չշարունակեմ: Միջազգային հարաբերություններում արդարություն կարելի է փնտրել, բայց դա ամենևին չի նշանակում, որ այն ամենուր է ու անպայմանական: Որոշիչը մեր ուժն է և կարողունակությունը:
-Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս բանակցային դիրքերը, դիվանագիտական լեքսիկոնը: Եվ ի վերջո, հասկանալի՞ է, թե որն է ՀՀ նոր իշխանության դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հարցում:
- Օրերս ասվեց` ինչ, որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Անքննադատ դիտակետից լսվում են` ուուուխ, դուխով և այլազան ճիչեր: Այսպես մտածողները կամ չմտածողները հավանաբար տեղյակ են, որ Արցախի հիմնախնդիրը երեկ չի ծագել և վաղը չի հանգուցալուծվելու: Այն, ինչպես նախորդ մի քանի սերունդներից հասել է ներկա սերնդին, կարող է փոխանցվել հաջորդ սերնդին: Ուրեմն չի կարելի ու անթույլատրելի է ամեն ինչ բանակցել: «Ինչորպետքաբանակցումով» սեղանին կհայտնվի «ինչորպետքաադրբեջանին» փաստաթուղթ: Հավանաբար, այս լեքսիկոնը նկատի ունեք: Մերժելի է սա ու չպետք է գայթակղվել, քանի որ նման վերամբարձությամբ կգայթես ու կընկղմվես: Ի սեր Աստծո, «արեքինչորպետքա», բայց Արցախից հեռու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը