Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե արդյոք ԱԻՆ–ի, ՊՆ–ի եւ ոստիկանության այն աշխատակիցները, որոնք կառավարության կողմից հաստատված աջակցության 9–րդ ծրագրի շրանակներում ստացել են 26.500–ական դրամ, հետ են վերադարձնելո՞ւ, թե՞ կառավարությունն այլ տարբերակ է մտածում, նշեց․
«Շատ ցավալի փաստ է, որ սոցիալապես անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավի համար նախատեսված ուղղությամբ, այդ գումարները պետք է վերադարձվեն։ Ավելին՝ պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Դա շատ վատ երեւույթ է, որ այսօրվա Հայաստանում, այս ճգնաժամային պայմաններում առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ։ Մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի, գալիս է այդ միջոցառումից գումար է տանում, 3–րդի աշխատավարձը առաջնային կարգով բարձրացրել ենք եւ ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս այդտեղից գումար է տանում։ Դուք այդ հարցը ոչ թե այդպես պետք է տայիք, այլ ասեիք, ե՞րբ եք այդ գումարներն օր առաջ վերադարձնելու եւ ճիշտ նպատակին ծառայեցնելու։ Հիմա մտածում եմ, որ կողքից կասեն, լավ դե լավ ոչինչ տարել–տարել են, ոչ ոչինչ չէ, մինչեւ վերջին կոպեկը պետք է վերադարձվի»,– ասաց Փաշինյանը։
Պատգամավորը կարծիք հայտնեց՝ գուցե այդ աշխատակիցներն առանց իմանալու են ստացել այդ գումարները, մտածելով, որ պետությունն այդկերպ էլ է աջակցություն տրամադրել․ Փաշինյանը պատասխանեց. «Մեկը չգիտի, որ չի կարելի սարից իջնել գնալ, արտակարգ դրություն է, երրորդը չգիտի, որ չի կարելի բաց պատուհանից մտնել գողություն անել, չորրորդը չգիտի, որ չի կարելի մարդու գլխին տալ փողերը տանել, ոչ մեկ էլ չգիտի։ Դա շատ վատ երեւույթ է եւ շատ վատ երեւույթ է, որ մենք մեր հարցի համատեքստում ասում ենք, դե ոչինչ լավ մարդը տարել ա։ Ինչի՞ չգիտեր, հստակ հասցեագրված է, թե ում է ուղղված այդ ծրագիրը։ Շատ ցավալի է, որ իրավապահ համակարգում աշխատող մարդիկ, ում կոչումն է ապօրինությունների դեմ պայքարել, մտել են, որ ինչ որ գումար տանեն։ Ես դատապարտում եմ այդ երեւույթը, ես ամաչում եմ այդպես վարված մարդկանց համար, իմանալով, որ այդ գումարն իրենց համար նախատեսված չի, բաց պատուհանից մտել, դուրս են եկել, հիմա էլ ասում են ասում են ծախսել ենք, ծախսել եք՝ ձեր բարձրացրած աշխատավարձից կստանաք կբերեք հետ կվերադարձնեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը