ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Արցախի բանակցությունների հիմքը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի դե յուրե լեգիտիմիզացիան:
«Մենք հենց խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Հայության շրջանում կա՞ մի մարդ, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ այդ մարդու անուն, ազգանունն իմանալ: Այստեղ խնդիրը հետեւյալն է. ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, որքան մեր կառավարությունը: Կիլոմետրերով բազմիցս դիրքորոշումներ ենք արտահայտել: Կներեք, եթե որեւէ մեկը փորձում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Որովհետեւ մենք մեր դիրքորոշումը ձեւակերպելիս այնքան բուֆերներ ու հակահշիռներ ենք դրել, որ ընդհանրապես սենց քննարկում պետք է տեղի չունենար ՀՀ-ում:
Այո, ձեր ասածը ճիշտ է. դա ձեր դիրքորոշումը չի, դա մեր բոլորի դիրքորոշումն է»,-ասաց Փաշինյանը:
«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներներս դողա, որ վայ, հանկարծ, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել այդ հարցի շուրջ: Մենք այդ լիազորությունն օգտագործելու ենք բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները բանակցային սեղանի շուրջ: Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը:
Երբ կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում մենք ունենք մի բանաձեւ, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, Ազգային ժողովին, ժողովրդին, մենք կգանք ու կներկայացնենք:
Ղարաբաղի հարցում կա մի շատ կարեւոր բանաձեւ. Քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ուրեմն ոչ մի բան որոշված չի: Բանակցությունների գնալուց չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը տրամադրված չի հարցի կարգավորման, Փաշինյանն ասաց. «Եթե դա ճիշտ է, ուրեմն չի կարգավորվի հարցը: Դրա համար ենք մենք ասում, որ պետք է լինի այնպիսի լուծում, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե հեշտ լիներ հարցի լուծումը, մինչեւ հիմա 100 անգամ լուծված կլիներ: Ես օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ, Ռուսաստանն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան: Կարեւորը նրբությունների մեջ է: Բայց եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում հարցը լուծվի, չի լուծվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը