06 05 2020

Ինչո՞ւ են 1000 դրամների հիմնադրամի և ՊԵԿ-ի տվյալները տարբեր․ պարզաբանում

Ինչո՞ւ են 1000 դրամների հիմնադրամի և ՊԵԿ-ի տվյալները տարբեր․ պարզաբանում

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է պարզաբանում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» եւ ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» եւ ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ՊԵԿ-Հիմնադրամ դրոշմանիշային վճարների, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ցուցակների փոխանցման գործող սկզբունքով: Գումարը ՊԵԿ-ի կողմից Հիմնադրամին չփոխանցելը մինչեւ գործատուի ողջ պարտավորության մարումը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքով եւ ամբողջությամբ իրավական է:

Մասնավորապես՝ փորձենք պարզ օրինակի միջոցով բացատրել գումարները Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու սխեման:

10 աշխատակից ունեցող ընկերության դեպքում, ենթադրենք, հունվար ամսին գործատուն 9.000 դրամ է փոխանցում գանձապետական հաշվեհամարին: Միեւնույն ժամանակ նույն ամսվա համար էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվություն է ներկայացնում 10 աշխատակցի համար: Այս պարագայում 9.000 դրամը չի փոխանցվում Հիմնադրամին, քանի որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ աշխատակցի համար չի վճարվել դրոշմանիշային վճարը (դրոշմանիշային վճարը գործատուն կատարում է ոչ թե անհատապես, այլ մեկ թվով՝ միանվագ վճարելով 1000 դրամ մեկ աշխատակից սկզբունքով):

Փետրվար ամսին նույն գործատուն վճարում է 15000 դրամ եւ նորից ներկայացնում եկամտային հարկի հաշվետվություն 10 աշխատակցի համար: Այս պարագայում գանձապետական հաշվից Հիմնադրամին փոխանցվում է 20000 դրամ, իսկ ավել 4000 դրամը շարունակում է մնալ գանձապետական հաշվին:

Տարբերության առաջացման երկրորդ պատճառն այն է, որ ուժային կառույցները օրենքով անձնավորված տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնող մարմիններ չեն՝ հաշվի առնելով անվտանգության եւ գաղտնիության հետ կապված որոշակի խնդիրներ: Այդ պատճառով ուժային կառույցների համար գործում է գանձապետական այլ հաշվեհամար:

Բարձրացված հարցադրումներն ընդհանրապես վերանում են, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, այլ ոչ թե եռամսյակային կամ ամսական: Նշված հաշվետվությունը, որում արտացոլվում են Հիմնադրամի թե մուտքերը եւ թե ելքերը, Հիմնադրամը պարտադիր հրապարակում է ամեն տարի եւ հասանելի է յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ