Երբ որոշում կայացվեց աստիճանաբար «բացել» տնտեսությունը, քննարկումները չեն դադարում՝ ճի՞շտ է, թե՞ սխալ գնալ այս քայլին, քանի որ վտանգ կա, որ կորոնավիրուսի ալիքը մեր երկրում կարող է շեշտակիորեն աճել:
Այս երկընտրանքի հետ միասին, մեր երկրում ընթանում են քննարկումները նաև այն մասին, թե ի՞նչ տվեց մեզ կարանտինի պահպանումը: Ո՞րն էր դրա նպատակը, երբ երկրի օրական վնասը ամենալավատեսական հաշվարկներով տատանվում էր 40 մլն դոլարի սահմաններում:
Երրորդ խնդիրը, որ հուզում է մեր հանրությանը՝ ինչո՞ւ մեզ մոտ վարակակիրների քանակն այսքան մեծ եղավ՝ համեմատած հարևան Վրաստանի հետ:
Այս հարցադրումների քննարկումը սկսենք վերջինից, քանզի այստեղից պարզ կդառնա, թե ինչ էֆեկտիվությամբ է ընթանում այս վիրուսի տարածման դեմ պայքարը և ինչո՞ւ մեզ մոտ բոլոր ցուցանիշները վատն են մեր հարևանների հետ համեմատ:
Նախ սկսենք ցուցանիշների համեմատությունից:
Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Հայաստանում և Վրաստանում
Մայիսի 5-ի դրությամբ, մեզ մոտ վարակվածների թիվը կազմել է՝ 2619: Հարևան Վրաստանում այդ թիվը ավելի քան չորս անգամ պակաս է՝ 604:
Մեզ մոտ մահացածների թիվը կազմել է 40, մեր հարևանների մոտ՝ 9: Մեզ մոտ բնակչությունը մոտ 20 տոկոսով պակաս է մեր հարևանի համեմատ: Արդյունքում մեկ մլն շնչին վարաքվածների ցուցանիշը մեր մոտ 884 մարդ է: Մինչդեռ վրացիների մոտ այդ ցուցանիշը կազմում է 151 մարդ: Այսինքն, այս ցուցանիշով մենք վրացիներից հետ ենք մոտ վեց անգամ: Իսկ մահացության ցուցանիշով նրանցից հետ ենք ավելի քան վեց անգամ: Մեր ցուցանիշը 13 է, նրանցը՝ 2: Միակ ցուցանիշը, որտեղ մենք առաջ ենք վրացիներից, թեստավորումների քանակն է: Մեզ մոտ այդ ցուցանիշը մոտ 26 հազար է, նրանց մոտ՝ 20 հազար:
Ինչպե՞ս ստացվեց, որ մենք նրանցից ունենք այս չափ վատ ցուցանիշներ:
Հավելենք, որ եթե վարակակիրների ցուցանիշներով մենք վրացիներից առաջ ենք մի քանի անգամ, ապա, օրինակ, նախորդ տարվա օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունման քանակով մենք նրանցից հետ ենք գրեթե հինգ անգամ: Այսպես, 2019-ին Վրաստան է այցելել մոտ 9,3 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ մեզ մոտ եղել է 1,9 մլն:
Ստացվում է, որ այս ցուցանիշով մենք նրանցից հետ ենք մոտ հինգ անգամ, իսկ վարակվածների ցուցանիշով նրանցից առաջ ենք նույնպես հինգ-վեց անգամ:
Եթե զբոսաշրջիկների քանակի տարբերությունը կարելի էր բացատրել օբյեկտիվ հանգամանքներով, նրանց աշխարհագրական դիրքով, այլ պայմաններով, ապա վիրուսակիրների մասով դա հնարավոր չէ բացատրել: Ավելին, մեզ մոտ այդ ցուցանիշը պետք է լիներ նրանցից նույնպես հինգ անգամ պակաս: Քանզի ինչքան բաց է երկիրը, այնքան մեծ է հավանականությունը, որ վարակվածների քանակը նույնպես մեծ լինի:
Բացի այդ, հիմնական վարակի կենտրոնների՝ Չինաստանի, Իրանի և Իտալիայի հետ Վրաստանի կապերն անհամեմատ ավելի մեծ են եղել, քան մեր հետ:
Սա նույնպես արձանագրում է վիճակագրությունը: Բացի այդ, Վրաստանն՝ իր «առանց վիզա» ռեժիմի առկայությամբ, ավելի լայն կապեր է ունեցել Եվրոպայի հետ, քան Հայաստանը:
Բոլոր այս ցուցանիշները համադրելով և կիրառելով պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ կարելի է եզրահանգել, որ եթե լիներ իշխանության աշխատանքի էֆեկտիվության գործակիցը, ապա մեր իշխանության գործակիցը վրացականի հետ համեմատ մոտ 10 անգամ ավելի վատը կլիներ այս կորոնավիրուսային հակաճգնաժամային պայքարի համատեքստում:
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես ստացվել:
Առաջին
Վրացական իշխանությունները վիրուսի դեմ պայքարը սկսեցին դեռ սույն թվականի փետրվարի վերջից, մինչդեռ մեր իշխանությունները հանրաքվեի էին պատրաստում հանրությանը: Այսինքն, վրացի իշխանավորները մտահոգված էին իրենց հանրության շահերով, իսկ մեր «ազգընտիրները» բացառապես իրենց շահերի մասին էին մտածում: Ստացվում է, որ հանրությունը ինչքան շատ է վստահում իր իշխանությանը, այնքան շատ է առհամարհվելու, և դա քաղաքական բանաձևն է, որ գործում է մեր հանրային կյանքում:
Փաստացի Հայաստանի իշխանություններն ուշացան և սկսեցին իրենց պայքարը պանդեմիայի դեմ միայն այն բանից հետո, երբ դրա անհրաժեշտության մասին հայտարարեց ԱՀԿ-ն:Այսինքն մեր իշանությունները ստիպված եղան սկսել պայքարը վարակի դեմ:
Երկրորդ
Վրաստանի իշխանությունն արդեն հին՝ «մաշված» իշխանություն է, ով վախենում է հանրության դժգոհությունից: Այդ իշխանությունն արդեն 8 տարի է՝ իշխում է Վրաստանում: Մերը «նոր է», թարմ է, զգում է հանրության վստահության շունչը և այդ իսկ պատճառով էլ ավելի վստահ է փորձում առհամարհել հանրության շահը՝ մտածելով, որ հանուն իրենց նպատակների իրագործման՝ կարելի է նաև զոհաբերել իրենց վարկանիշի մի մասը: Սակայն այդ գործելաոճը հանգեցնում է նրան, որ իշխանությունն սկսում է կորցնել իրականության զգացումը և չզգալ, որ վստահության-անվստահության խնդիրը սկսվում է կախված մնալ մի բարակ թելից և ամեն պահի այն կարող է կտրվել: Իսկ եթե կտրվեց, ամեն ինչ կարող է ընթանալ այնպես, ինչպես եղավ 2018-ի ապրիլին:
Օրինակ, կոմունալ վճարների դիմաց կառավարության օգնության փաթեթի ձևավորման փիլիսոփայությունը հենց դա ցույց տվեց: Պարզվեց, որ կառավարության «մանր շուստրիությունները» հանրությունը նկատեց, և կառավարությունը ստիպված եղավ արագ սրբագրել իր նախորդ որոշումը:
Սա ցույց տվեց, որ իշխանությունը կարող է արհամարհել հանրությանը ճիշտ այնքան, որքան նրան դա թույլ կտրվի:
Վրացիները նման «շուստրիություն» չցուցաբերեցին, քանզի լավ էին գիտակցում, որ հանրությունը դա նրանց չէր ների:
Երրորդ
Վրաստանի ներկայիս իշխանությունն իր բնույթով պոպուլիստական չէ: Այստեղ արհեստավարժների մասը բավականին մեծ է: Վրաստանի իշխանությունները ոչ թե թատերական ներկայացումներով, այլ գործնական քայլերով պիտի կարողանան ապացուցել, որ իրենց պայքարը պանդեմիայի դեմ էֆեկտիվ կլինի և ուրեմն նաև կգնահատվի հանրության կողմից: Իսկ այդ գնահատման ցուցանիշները տեսանելի են այն թվերով, որոնք ունի այսօր Վրաստանը:
Հայաստանի իշխանության այսօրվա շարժիչը պոպուլիզմն է: Եվ եթե նույնիսկ կառավարության մեջ կան նաև արհեստավարժներ, միևնույն է նրանք կաշկանդված են իրենց որոշումներով, քանզի կարող են չհասկացված դառնալ կառավարության ղեկավարի կողմից:
Հենց դրա պատճառով է, որ մամուլում մերթընդմեջ տարածվում են լուրեր, ասենք, Փաշինյանի և Ավինյանի միջև հնարավոր տարաձայնությունների մասին: Ճի՞շտ են այդ տարաձայնությունները, թե՞ ոչ դժվար է ասել, սակայն այն միտումը, որ նման բան կարող է լինել, ցցուն է դարձնում վերը նշվածը:
Չորրորդ
Վրաստանի իշխանությունները այսօր չեն գնում հանրության պառակտման՝ բաժանելով մարդկանց սևերի և սպիտակների: Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա աշնանը նախատեսված է անցկացնել խորհրդարանական ընտրություններ:
Այսօր դժվար է ասել՝ կլինե՞ն այդ ընտրությունները, թե՞ ոչ: Սակայն, իշխանությունը կարող էր այս գործոնն օգտագործելով սկսել ցեխ շպրտել իր մրցակիցների վրա: Սակայն Իվանիշվիլին չգնաց այդ քայլին, քանզի հասկանում էր, որ դրանով կարող էր տակտիկական տեսանկյունից շահել, սակայն ռազմավարական առումով այդ քաղաքականությունը կխանգարեր Գախարիայի կառավարությանը միասնական մթնոլորտում որոշումներ կայացնել: Ցանկացած արհեստավարժ վարչարար գիտի, թե ինչ է նշանակում պետական «մեքենան» աշխատեցնել պառակտված հանրության մեջ և հակառակը:
Հայաստանի իշխանությունների քաղաքականության ռազմավարությունն է հանրության պառակտման խնդիրը: Ընդորում, դա հիմնականում գալիս է կառավարության ղեկավարից, նրա աշխարհընկալումից և խիստ տոտալիտար հայացքներից: Վերջինիս համար բացի իրենից և վերացական «հանրությունից» այլ քաղաքական սուբյեկտներ գոյություն չունեն: Նույնիսկ սեփական քաղաքական ուժն այդպիսին չի համարում: Սա մոտավորապես այն է, ինչն առկա էր ԽՍՀՄ-ի ժամանակներում: Պարզապես 21-րդ դարի գործոնը թույլ չի տալիս ամբողջովին իրականացնել այդ պատկերացումները:
Հասկանալի է, որ այս պայմաններում կառավարության արհեստավարժ մասի աշխատանքն ունի բնական սահմանափակում, որն էլ նվազ է դարձնում նրա գործունեությունը: Եթե նույնիսկ այսօրվա կառավարության կազմում հայտնվեն արհեստավարժության մասով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, միևնույն է մինչև երկրում այս մթնոլորտը չփոփոխվի, խոսել էֆեկտիվ կառավարման մասին անլուրջ կլինի:
Ամփոփելով նշենք, որ այսօրվա Վրաստանն իր ցուցանիշներով ավելի գրավիչ է դառնում նաև իր դրսի գործընկերների համար: Կորոնավիրուսային ցուցանիշներն այս հարցում նույնպես իրենց ազդեցությունն են թողնում: Եվ զարմանալի չէ, որ ներկայիս Վրաստանի վարչապետ Գախարիան արդեն հայտարարում է, որ «…ունի կոնկրետ պայմանավորվածություններ տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից՝ մոտ 3-5 մլրդ դոլարի չափ ներդրումներ բերել…»:
Ինչքանո՞վ են իրական այս ծրագրերը, դժվար է ասել: Եթե Գախարիային հաջողվի նույնիսկ մեկ միլիարդ էլ բերել, դա կլինի լուրջ հաջողություն: Դրա արդյունքում է, որ երկիրը կարող է Փաշինյանի ասած՝ «…հետկորոնավիրուսային նոր շուկաներ գրավել…»: Վրացիները հույս ունեն հասնել իրենց նպատակին այն խոսակցությունների համապատկերում, որ հետպանդեմիայի ժամանակաշրջանում շատ արևմտյան ընկերություններ կարող են դուրս բերել իրենց արտադրությունները Չինաստանից: Դա լինելու է Արևմուտքի ռազմավարությունը, որպեսզի հետկորոնավիրուսային նոր աշխարհակարգում Չինաստանի դերը իրենց համար վտանգավոր չափի չմեծանա:
Մեզ մոտ նման դիսկուրսներ չկան: Մեզ մոտ նույնիսկ ամաչում են խոսել դրսի հնարավոր ներդրումների մասին, քանզի հասկանում են, որ դրան ոչ ոք չի հավատալու: Նույնիսկ տեսականորեն այդպիսի աշխատանք էլ չի կատարվել: Ավելին, կա լուրջ մտավախություն, որ վերջին երկու օրենքները՝ կապված «բանկային գաղտնիքի» և «ապօրինի գույքի բռնագանձման» հետ, կարող են բերել երկրից կապիտալի մեծ քանակի արտահոսքի:
Դրանից հետո մենք ոչ միայն հետկորոնավիրուսային աշխարհում նոր շուկաներ չենք գրավի, այլ, հաշվի առնելով նաև մեր դրսի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը, կարող ենք հայտնվել նոր ստեղծվելիք աշխարհակարգի քաղաքակրթական «խորդանոցում»:
Վերը նշվածից հետո հասկանալի են դառնում նաև այն հարցադրումները, թե ճի՞շտ էր արդյոք կարանտինի քաղաքականությունը և ճի՞շտ է արդյոք այդ ռեժիմից դուրս գալը:
Կարանտինը՝ որպես ժամանակավոր միջոց, ճիշտ էր, որպեսզի վարակի արագ տեմպը կանխվեր, սակայն այդ ժամանակահատվածը ոչ էֆեկտիվ օգտագործվեց հանրության մեջ վարակակիր թիրախային խմբերի հայտնաբերման և մեկուսացման համար: Իսկ ներկայիս տնտեսական ոլորտների «բացումն», ըստ էության, լուրջ այլընտրանք չուներ: Թեև չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հանրությունը կարող է հայտնվել հումանիտար լուրջ աղետի առջև:
Տնտեսությունը չբացելու դեպքում հումանիտար աղետից խուսափել չէր լինի, պարզապես դրան կգումարվեր նաև տնտեսական և սոցիալական աղետը:
Իսկ ելքը երկրում պառակտման մթնոլորտի վերացումն է, համերաշխության մթնոլորտի հաստատումը, կապիտալի արտահոսքին նպաստող և պոպուլիստական, սակայն հանրությանը ոչ մի օգուտ չտվող գործելաոճից հրաժարումը: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք խուսափել տնտեսական, սոցիալական և առողջապահական աղետից։ Հակառակ դեպքում, հաշվի առնելով նաև մեր աշխարհաքաղաքական դիրքը, վերջնաարդյունքում կարող է հանգենք նաև մեր անվտանգության համակարգի փլուզմանը՝ դրանից բխող լրջագույն հետևանքներով:
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը