Ազգային ժողովը մայիսի 6-ի մի շարք օրենքի նախագծեր ընդունեց։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է համայնքներին կատարվող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային:
Ընդունվեց նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բուժաշխատողի համար որպես պատականություն ամրագրել բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է:
Ընդունվեց նաև «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԼՀԿ ներկայացրած օրենքի նախագիծը, որով ըստ էության առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ստացվող ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն նպատակային ծրագրերի իրականացման համար այն համայնքներում, որտեղ այդ ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը