06 05 2020

Ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս․ Արայիկ Հարությունյան

Ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այս օրերին մեր հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը սպասվող կադրային քաղաքականությունն է, ինչը շատ բնական եմ համարում: Հանրային իշխանության ձևավորումը շարքային քաղաքացու համար, բացի սովորական հետաքրքրասիրությունից, նաև սպասելիքներ է, որոնց արդարացումը մեծապես պայմանավորված է լինելու գործի պատասխանատուներից:

Այս հարցում նորից ուզում եմ հատուկ ընդգծել Ստեփանակերտի Մայր տաճարի բակում փետրվարի 26-ին հնչեցրած կոչիս խորհուրդը: Բազմիցս նշել եմ, որ մեր երկրում ես յուրայիններ եւ ոչ յուրայիններ չունեմ. բոլորն իմ հարազատներն են: Եվ քաղաքական խորհրդատվությունների շրջանակում կուսակցությունների ղեկավարության եւ առանձին գործիչների հետ հանդիպումներիս օրակարգի առանցքն Արցախում համերաշխության մթնոլորտ ունենալն է:

Հայտարարվածի համաձայն՝ ոչ միայն բաց ենք բոլորի հետ համագործակցության կամուրջներ կառուցելու համար, այլեւ, հանուն ներքին միասնության, շարունակելու ենք համախմբել ու համախմբվել: Ովքեր դեմ են ձեւավորված օրակարգին, ուրեմն մեզ հետ քայլելու ճանապարհ չունեն, ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս:

Կրկին հավաստիացնում եմ, որ օրինականությունը, ժողովրդի կողմից հարգանքի վայելումն ու արհեստավարժությունը լինելու են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու եմ պատասխանատու պաշտոններում կադրերի նշանակման հարցում: Հանրային շահը բոլոր որոշումներում գերակա կլինի, ու դա ժողովրդի պահանջն է:

Մեր նախընտրական ծրագրի առաջին շահառուն արցախցին է, իսկ բարեկեցիկ ապագա կառուցելու ընթացքն՝ անկասելի: Համընդհանուր ջանքերով մեր բոլոր խոստումները ի կատար կածենք: Վստա ՛հ եղեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ