05 05 2020

Արցախյան դավադիր բանակցությունները հավերժ գաղտնի պահելն անհնար է. Վահե Եփրիկյան

Արցախյան դավադիր բանակցությունները հավերժ գաղտնի պահելն անհնար է. Վահե Եփրիկյան

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միքայել Մինասյանին Նիկոլն այդպես էլ փաստորեն չարձագանքեց, Նիկոլը չարձագանքեց նաև ո՛չ Լավրովին, ո՛չ իրեն՝ հայ հանրության հետ անկեղծ լինելու նույնիսկ ադրբեջանական կոչերին։ Ինչ ֊ որ տեղ սպասելի էր այս իմաստով նրա լռությունը՝ կարող էին արտահոսել գաղտնալսումներ՝ ուղղակիորեն իր մեղքն ապացուցող, իսկ Արցախյան դավադիր բանակցությունները հավերժ գաղտնի պահելն անհնար է։
Սակայն ի՞նչ են մտածում իրավապահները՝ ԱԱԾ ֊ը, Դատախազությունը, միթե՞ չգիտեն, չեն գիտակցում պարզագույն ճշմարտությունը՝ ոչինչ, հատկապես որևէ իշխանություն հավերժ չէ ու չի կարող լինել, հակառակ դեպքում իրենք չե՞ն դառնում արդյոք Նիկոլի հանցակիցը, միթե՞ Նիկոլի՝ ոչ հայանպաստ գործունեությունը կանգնեցնելու ունակ մարմինների գոյության բնազդը ևս բթացել է։

Ավելին՝ իրավապահ համակարգը լռել է ՀՀ ֊ում իշխանության բռնազավթման, Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող հեռախոսային արդարադատության, նրա՝ երկրորդ անգամ ազատության մեջ հայտնվելուց հետո դատարանների շրջափակման օպերացիայի, Նիկոլի՝ իր բարեկամի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին քննիչին ցուցում տալու ու էլի այլ աղաղակող առերևույթ հանցագործությունների ժամանակ։ Հնարավոր է՝ տարաբնույթ շանտաժների ու սպառնալիքների գործադրմամբ է Նիկոլն ապահովում իրավապահ համակարգի՝ իր անիրավ, հաճախ անբարո գործունեության նկատմամբ լռությունը, վերջապես ներկայիս《սրտի դատախազը》երեկվա《քուանշված թալանչին》է, Նիկոլի ներկայիս կամակատարները երեկվա《կոռումպացված, վնգստացող 》դատավորներն են ...

Տևական ապօրինի դադարից հետո երեք օրից վերստին մեկնարկող Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործն, անշուշտ, ոչ միայն《Թավշյա Հայաստանի》, այլև Երրորդ Հանրապետության կենտրոնական գործն է, որի հետ ուղղակիորեն, թե անուղղակիորեն պայմանավորված են ներքին ու արտաքին քաղաքականությունում ընթացող բոլոր գործընթացներն։ Առաջնային խնդիրն այդ գործի առջև դրված՝ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով անազատության մեջ պահելն է՝ բացի ունեցած հեղինակությունից, կամքից, հակապետականության ձեռքը նախկինում բազմիցս բռնած լինելուց, Քոչարյանն այժմ էլ ի սկզբանե հայտարարել է՝ պետք լինի, գալու է, նստի ու պայքարի մինչև վերջ, հետո բանաձևել《Կոնսենսուս ֊1》֊ն՝ ըստ էության իրավիճակից դուրս գալու միակ ուղին, ուրեմն իշխանության համար կարևորագույն վտանգը《Երևան ֊ Կենտրոն》ՔԿՀ ֊ում պահվող քաղբանտարկյալ Երկրորդ Նախագահն է։

Միքայել Մինասյանի վերջին ուղերձը հստակ հաղորդում է հանցագործության մասին, Լավրովի հայտարարությունն ուղղակի ապացույցն է՝ Արցախի նկատմամբ իրականացվում է հակապետական քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված《արդարադատությունը》շուրջ երկու տարի է՝ ամենօրյա ռեժիմով բացահայտ խախտում է իրավական ու բարոյական ամեն նորմ, ստեղծված իրավիճակում կա՛մ իրավապահ համակարգը պետք է քաջություն գտնի իր մեջ ու հանուն Հայաստան ֊ Արցախի՝ հեռացնի Նիկոլին իշխանությունից, կա՛մ Նիկոլն ինքը պետք է գիտակցի՝ սեփական գահավիժմամբ անդունդն է գլորում նաև հայի մեծագույն ձեռքբերումը՝ Պետականությունը Հայոց ու ժամ առաջ հանդես գա հրաժարականով։ Այս երկու տարբերակների իրականացման համար էլ առավել քան պարտադիր է հզոր, կոնսոլիդացված, Նիկոլի հրաժարականի պահանջի շուրջ միավորված միասնական ընդդիմությունն, իսկ առաջիկա դատաքննությունն ու Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը գուցե վերջին հնարավորությունն է կանգնեցնելու հսկայական թափ հավաքած ամենակուլ պետականակործան թափանիվը։

Կա՛մ Նիկոլը պետք է հեռանա Հայաստան ֊ Արցախից, կա՛մ Հայաստան ֊ Արցախն՝ աշխարհի քարտեզից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ