04 05 2020

Հայաստանում իշխանության է եկել «պատերազմի կուսակցությունը»․ Zham.am

Հայաստանում իշխանության է եկել «պատերազմի կուսակցությունը»․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց իր ելույթում կանխատեսում արեց, որ իշխանության են գալիս այսպես կոչված «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչները: Նա համոզված էր, որ ընդամենը մեկ-երկու տարի անց Ադրբեջանը հարձակվելու էր Հայաստանի վրա, և ժողովուրդը տեսնելու էր, թե ով էր ճիշտ, ինքը՞, թե «կոշտ» գծի կողմնակիցները:

Պատմությունը ցույց տվեց Տեր-Պետրոսյանի սնանկ պատկերացումները, քանզի նրանից հետո եկածները ապացուցեցին, որ  հնարավոր է երկիրը զարգացնել առանց կապիտուլյացիա կնքելու, ինչն իրականում առաջարկում էր Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ տասը տարի անց, երբ նա կրկին փորձում էր վերադառնալ իշխանություն, այդպես էլ  խիզախություն չունեցավ ներողություն խնդրել հանրությունից իր խայտառակ առաջարկների համար, որոնցով հանդես էր եկել 1997-ին: Ցանկացած իրեն հարգող ժողովուրդ իրեն թույլ չէր տա, որ նման գործիչը շարունակեր իր հրապարակային գործնեությունը, սակայն հայերը այս իմաստով տարբերվեցին մյուսներից: Ավելի քան 600 տարվա պետականության պակասի փորձը այստեղ էլ իրեն զգացնել տվեց:

Սակայն 2018-ին, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի գաղափարական արեալի գործիչը՝ Փաշինյանը, կարողացավ վերցնել իշխանությունը: Մարդիկ մոռացան, թե ով էր իրականում Փաշինյանը, ում կողքն էր նա կանգնած 2008-ին և ինչ գաղափարական դաշտում էին ձևավորվել նրա պատկերացումները:

Այսօր Տեր-Պետրոսյանի քաղաքական «հոգեզավակը» փորձում է իր քաղաքական «հոր» նպատակները իրականացնել ավելի քողարկված ձևով: Բանակցային գործընթացում Փաշինյանի  համառ  ջանքերով  Հայաստանի դիրքերը սրընթաց վերադառնում են այն ժամանակներին, երբ ստացանք «Լիսաբոն»: Իսկ այս օրերում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փաստացի սպառնում է Հայաստանին, որ, եթե միակողմանի կապիտուլյացիա չկնքի, ապա պատերազմը կլինի «շատ մեծ հավանականությամբ»:

Այս իմաստով կարող ենք «շնորհավորել»  Տեր-Պետրոսյանին, իր «հոգեզավակը»  երկիրը հասցրել է պատերազմի շեմին, այն շեմին, որի մասին Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր դեռ 1998-ին:

Այսպիսով` Տեր-Պետրոսյանը ակամայից ապացուցեց, որ իրական «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչները ինքն էր, իր քաղաքական «հոգեզավակ» Փաշինյանի հետ միասին:

Սրանց մասին էր նաև արտահայտվել ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը:

1938-ին, երբ Մյունհենից Լոնդոն վերադարձավ Անգլիայի այն ժամանակվա վարչապետ Չեմբեռլենը, նա անգլիացիներին ավետեց, թե իբր իր հետ բերել է  Գերմանիայի հետ կնքած «խաղաղությունը»:

Հակադրվելով այս ավանտյուրիստին, Չերչիլը այն ժամանակ հայտարարեց, որ դա խաղաղություն չէր, այլ անպատվաբեր կապիտուլյացիա: Իսկ նման կապիտուլյացիան վերջնաարդյունքում չի փրկելու պատերազմից և անգլիացիները ստանալու են և խայտառակություն, և պատերազմ:

Մեկ տարի անց բոլորն հասկացան, որ Չերչիլը ճիշտ դուրս եկավ:

Այս ամենից բոլոր ազգերը սկեցին դասեր քաղել, Չերչիլի մտքերը մտան քաղաքագիտական դասագրքերի մեջ: Սակայն պարզվեց, որ այստեղ էլ հայերը օրիգինալ դարձան:

Եվ ստիպված են լինելու հերթական անգամ իրենց կյանքերով վճարել  դրա համար:

Այդ իմաստով Լավրովի մեսիջներն իրոք, որ ուղղված էին ոչ թե Փաշինյանին, կամ Տեր-Պետրոսյանին, այլ հայ ժողովուրդին: Մոսկվայում ուզում են հասկանալ, թե հայերը ինչ են մտածում Չերչիլի խոսքերի մասին: Որից էլ հետևություն կանեն նաև իրենց համար,  արժե՞ արդյոք դաշնակցային հարաբերություններ պահպանել նման երկրի հետ, թե ոչ:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ