04 05 2020

2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինելու․ ԱԳ նախարար

2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինելու․ ԱԳ նախարար

Կողմերի պարտավորությունները ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է համաչափ և համադրելի լինեն: Այս մասին մայիսի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարության 2018-2019 թվականների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով հարցին այն մասին, որ ՀՀ նախկին նախագահը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ տարածքներ` կարգավիճակի դիմաց տարբերակ էր առաջարկվել, ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այս հարցով կա պատմություն, բայց չկա արդյունք և չարժե ստորադասական եղանակով մեկնաբանել: Ըստ նրա` գործող իշխանության համար կարևոր էր պարզել այն բոլոր ուղղությունները, որոնցով գործընթացը չի կարող առաջ շարժվել:

«Դա վերաբերում է պարտավորությունների անհամաչափությանը: Մենք չենք կարող ընդունել մի իրավիճակ, երբ ակնկալվում է, որ մենք պետք է որոշակի պարտավորություններ ստանձնենք, իսկ մյուս կողմից ոչ հստակ պարտավորություններ ունենանք: Մենք չենք կարող այդ ճանապարհով շարժվել, ոչ ոք չի կարող համաձայնել նման իրավիճակի հետ: Մենք ասում ենք` այո, փոխզիջում: Սա համադրելի պարտավորություններ է նշանակում: Խնդիրը շատ բարդ է: Սակայն բացառվում է, որ մենք մի իրավիճակ ստեղծենք, երբ անվտանգությունը կխաթարվի` հիմա կամ ժամանակի ընթացքում: Պարտավորությունների համադրելիություն և համաչափություն: Մենք նպատակ չունենք վերջ տալու բանակցություններին կամ դրանք փակուղի տանել: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, այլընտրանքն աղետն է»,- հայտարարեց արտգործնախարարը:

Նախարարը նշեց, որ 2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինելու, չի լինելու 1991-1994թ. կրկնություն։
«Մենք Արցախի հետ միմյանց շատ լավ հասկանում ենք, շատ լավ աշխատում: Սա չափազանց էական հանգամանք է, որը հնավորություն է տալիս հստակ լինել մեր մոտեցումների մեջ: Իհարկե, դեռևս չենք կարող ասել՝ ճեղքել ենք իրավիճակը: Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում պրակտիկ հարց է: Երկու տարի անց մենք դեռևս չենք կարողացել այս հարցին հանգուցալուծում տալ, բայց շարունակելու ենք», - ասաց բանախոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ