Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությանը, որ եթե կանոնները չպահպանվեն, կունենանք կորոնավիրուսով վարակված 500 հազար քաղաքացի և հազարավոր մահեր:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ «եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով»։ Սա ի՞նչ է։ Կանխատեսում, թե՞ «հազարավոր մահերի» մեղքը կանոններ չպահող ժողովրդի վրա բարդելու փորձ։ Միթե՞ նախարարն ու իր վարչապետը մտածում են, որ այսպես կարող են փախչել պատասխանատվությունից։
Բայց չէ՞ որ պարզ հարցեր կան, որ չեն կարող չհնչել։ Օրինակ, ինչու՞ չէր կարելի հույս դնել քաղաքացիների՝ «կանոնները պահելու» ունակության վրա, երբ երկրում կար կորոնավիրուսով վարակված ընդամենը մի քանի պացիենտ և կարելի է հիմա, երբ օրական այդպիսի հիվադների թիվն աճում է հարյուրով։ Ինչու՞ էր պետք քաղաքացիներին 2 ամիս տանը պահել, երբ իրավիճակը վերահսկվում էր (եթե, իհարկե, հավատանք կառավարությանը) և ազատ թողնել հիմա, երբ իրավիճակը դուրս է վերահսկողությունից։ Պատասխանը, կարծում եմ, պարզ է։ Թե՛ Թորոսյանի վերոնշյալ հայտարարությունը և թե՛ Կառավարության ու պարետատան որոշումը թուլացնել առկա սահմանափակումները, ոչ այլ ինչ են, քան իրենց նախկին սխալների խոստովանություն ու ստեղծված իրավիճակից «պլստալու» խղճուկ փորձ։
Ապաշնորհ այս կառավարության միայն վերջին երկու ամիսների գործունեության արդյունքում, փաստորեն, մենք ունենալու ենք ոչ միայն ավիրված տնտեսություն, այլև վարակի շքերթ։ Կամ, ինչպես իրենք են ասում, 500 հազար հիվանդ և հազարավոր մահեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը