30 04 2020

Հաղթանակը չի վաճառվում. «Արդարություն» կուսակցություն

Հաղթանակը չի վաճառվում. «Արդարություն» կուսակցություն

Այսօր` 2020 թվականի ապրիլի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության որոշ անդամներ և նորընտիր պատգամավորները, բողոքի ակցիա են կազմակերպել եւ նամակով իրենց բողոքի պահանջները հանձնել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մաիլյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արդարություն կուսակցության լրատվական ծառայությունից։

Կից ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.

«Արցախի Արդարություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը երկու պետական կազմավորումներով ներկայանում են այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող են դիմակայել արտաքին մարտահրավերները, ավելի նպաստավոր դիրքեր ունենալ բանակցային գործընթացում։ Այն, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման թեման հատկապես վերջին շրջանում չափազանց հաճախ է դառնում դիտարկման առարկա, խոսուն կերպով վկայում է համաշխարհային ուժային կենտրոնների միջև հետզհետե սրացող մրցակցության մասին: Հարցը միայն այն է, թե ո՞ր գերտերությունը ավելի ուժեղ ու հմուտ կգտնվի՝ ստեղծված իրավիճակն իր շահերին ծառայեցնելու, ասել է թե՝ հակամարտության վերահսկողության լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Այս օրերին Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարարի, ՀՀ ԱԳ նախարարի և ԱՀ ԱԳ նախարարի կողմից կատարած փոխկապակցված հայտարարությունները, ինչպես նաև ԱՀ նախագահի մամլո խոսնակի և ԱՀ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրված նախագահի թեկնածուի ոչ հստակ հայտարարությունները փաստում են, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների կողմից որդեգրած հեղհեղուկ բանակցային մոտեցումները և թույլ տված դիվանագիտական բացթողումները փաստացի առիթ է տվել ներքաշել իրենց այսպես կոչված «փուլային կարգավորման» տարբերակի քննարկումների մեջ, որը ուղղակիորեն վտանգում է Արցախի փաստացի կայացած անկախ պետականությանը և տարածքային ամբողջականությանը։ Թեև մեր երկու հանրապետությունների արտաքին հարաբերությւնների գերատեսչությունները իրենց պատասխան ելույթներում և հայտարարություններում մի քանի անգամ նշեցին, որ բանակցությունների փուլային ձևաչափը դեռևս 1997 թվականից մերժելի է եղել հայության համար, սակայն այդպես էլ չհստակցվեց, թե Հայաստանի և Ադրբեջանի բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչի շուրջ են ընթանում բանակցությունները և հայկական կողմերի համար ո՞րն է այդ «փոխզիջման» սահմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը և վերահաստատելով նախկինում հայտնած մեր դիրքորոշումը․

1. Արցախի Արդարություն կուսակցությունը հիշեցնում է՝ Բակո Սահակյան, Դուք դեռ Արցախի Հանրապետության նախագահն եք։ Պատասխանատվությունը Ձե՛րն է։

2. Արցախի Արդարություն կուսակցությունը բանակցային սեղանի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ պահանջում է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի բացատրությունները։

3. Արցախի Արդարություն կուսակցությունը պահանջում է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորում՝ զերծ մնալով պարտվողական մոտեցումից: Ձևաչափը պետք է շարունակվի Մինսկի խմբի շրջանակներում, բայց հստակ ձևակերպված նոր օրակարգով, որտեղ Արցախն օժտված լինի որոշիչ ձայնով և վետոյի իրավունքով:

4. Արցախի Արդարություն կուսակցությունը գտնում է, որ Ղարաբաղի հարցը մեր ժողուվուրդը արդեն լուծել է և այսօր բանակցային սեղանին Արցախը կարող է ունենալ մեկ հարց, այն է ՝ միջազգային ճանաչում։

5. Արցախի Արդարություն կուսակցությունը անընդունելի է համարում Արցախի Հանրապետության տարածքները ներկայացնել որպես զուտ անվտանգության գոտի՝ մեր սահմանները մեր հայրենիքն է:

6. Արցախի Արդարություն կուսակցությունը հանցագործություն է համարում բանակցել փուլային տարբերակի շուրջ, կամ մտածել համատեղ բնակության մասին:

7. Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարում է,որ Արցախի հիմնախնդիրը ամենևին էլ տարածքային վեճ չէ, այլ Արցախի բնակչության կյանքի եւ գոյության խնդիր : Արցախում շուրջ 150000 կյանք կա և Արցախից դուրս ապրող հարյուր հազարավոր արցախահայեր, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ այստեղ են ապրել, նրանց օրրանն այստեղ է, ապագան՝ այստեղ:

8. Արցախի Արդարություն կուսակցությունը դեմ է տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ կամ սակարկման ենթակա տարածքներ չունենք։

Մենք կրկին անգամ պնդում ենք Հաղթանակը չի վաճառվում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ