30 04 2020

Փաշինյանը պահանջել է ցանկացած պատրվակով իմ նկատմամբ գործ հարուցել․ Վանեցյան

Փաշինյանը պահանջել է ցանկացած պատրվակով իմ նկատմամբ գործ հարուցել․ Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրի եթերում հայտնել է․

«Եթե վստահ են, որ ես խախտում եմ թույլ տվել, թող Նիկոլ Փաշինյանը դիմի դատախազություն, եթե մեղավոր լինեմ՝ պատրաստ եմ կրել պատասխանատվություն, եթե պարզվի, որ մեղավոր չեմ, ուրեմն նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար։

Ես վարչապետի սիրած բառերով կասեմ։ Օդում կախված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանը երեկ շատ վատ հանդիպում է ունեցել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն քրեական պատասխանատվության»,- ասել է Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով վարչապետի խոսնակի գրառումը, որտեղ իր անունն է հիշատակվել։

«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են ոչ թե իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունները, այլ ասել են, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ 

Արդյունքում վարչապետը պատասխանել է, որ եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին, դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին նախադասությամբ շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին ձեռնարկել միջոցառումներ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»,- պատմել է Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ այս ամենի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցերից։ Արթուր Վանեցյանը նշել է, որ քաղաքական ղեկավարության քմահաճույքով՝ երկրում տեղի է ունենում ընտրովի արդարադատություն։

«Ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի ընդունմամբ ցանկացած մարդ կարող է դառնալ քրեական հետապնդման օբյեկտ։

Շատ քաղաքացիներ կարող են ուրախանալ, թե վերջապես թալանչիներին կբռնեն, բայց այդ օրենքը կարող է հենց իրենց վերաբերվել։ Թող փորձի նա քաղաքական հայտարարություն անել, անմիջապես նրա դեմ կկիրառեն այդ օրենքը։ Հայկական ընտանիքների համար տունը, օջախը բարձր արժեքներ են, ասում են չէ՝ սամասուդներ․․․ Հիմա, երբ այդպիսի քայլերի կգնան՝ կտեսնենք եւ սամասուդներ, եւ վենդետաներ», ասել է Արթուր Վանեցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ