Քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արթուր Դանիելյանի առողջական վիճակին և Ալեն Սիմոնյանի հետ ընդհարմանը, նշեց․ «Ես տեսել եմ Արթուրին, ըստ էության ամեն ինչ նորմալ է, քթի կոտրվածք ամենայն հավանականությամբ կա, բայց վիրահատության կարիք չկա, հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն ինչ նորմալ է։Արթուր Դանիելյանն այս պահին բերման ենթարկված է և հիմա նրան կտեղափոխեն Կենտրոնական բաժին։ Տեղի ունեցածի քաղաքական գնահատականը մեկն է, երկրորդ կարծիք լինել չի կարող լինել։ Անկախ նրանից, թե ինչպիսի հանգամանքներում է եղել դեպքը, պետական բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չուներ, չունի և ապագայում էլ չի ունենալու իրեն թույլ տալ լկտի փողոցայինի պահվածք դրսում, հատկապես այն պարագայում, երբ նախորդ օրը նրան ի լուր ողջ Հայաստանի Հանրապետության անվանել են «անբարոյականի վաստակ», և նա որևէ ձևով չի փորձել իր ինքնասիրությունը հենց այնտեղ պաշտպանել։
Այս դեպքը ունի մեկ նշանակություն․ քաղաքական հակառակորդների նկատմամբ անհանդուրժողականության այնպիսի աստիճան, որը մարդկանց հասցնում է խուլիգանության, լկտիության և անել այնպիսի բաներ, որոնցից հետո նվազագույնը պատիժը լինելու է ոչ համաչափ, հաստատ լինելու է ասիմետրիկ։ Չեմ համարում տղամարդկային, երբ մարդն իր գրպանում ունի անձեռնմխելիության մանդատ, նախորդ օրը իրեն անբարոյականի զավակ են հռչակել ԱԺ-ում, նա ոչինչ չի արել, և դրսում հարձակում է քաղաքական հակառակորդի վրա։ Սա տղամարդկությունից այնքան հեռու է, որքան Նիկոլ Փաշինյանը՝ ճշմարտությունից։
Գոյություն ունի մեկ տրիվիալ իրողություն․ մինչ այդ նույն անձը Ալեն Սիմոնյանին ծեծել էր, դրանից հետո նա տղամարդկություն չէր ունեցել առանց մանդատի խնդիր լուծելու, երբ նախորդ օրը հայ տղամարդուն ամենածանր վիրավորանքն են հասցնում, նա անգամ դեմքի մկանները չի շարժում, դրանից հետո նա ինչ արել է Արթուր Դանիելյանի հետ, խուլիգանությունը, խուժանությունը ըստ էության ունի մեկ գնահատական։ Եթե չլիներ մանդատը, Ալեն Սիմոնյանի տղամարդկությունը մաքսիմում կլիներ այն աստիճանի, ինչ երեկ տեսանք ԱԺ-ում։
Արթուր Դանիելյանին իմ խորին համոզմամբ կներգրավեն որպես մեղադրյալ, որովհետև այս իշխանությունը քաղաքական հետապնդումների օրինակներով անցել է նախորդներին արդեն։ Այս իշխանությունը քաղաքական հետապնդումներ իրականացնող, մարդկանց կեղծ փաստաթղթերի հիման վրա մարդկանց դատապարտող, վենդետաներ իրականացնող իշխանություն է։
Նիկոլ Փաշինյանը վախկոտ է, իր կառավարությունը իր նման վախկոտների կառավարություն է, և նրանք ունեցած բոլոր իշխանական լծակներն օգտագործելու են ի չարս ընդդեմ իրենց քաղաքական հակառակորդների։
Երբ Ալեն Սիմոնյանը չի ունենա մանդատ, և Արթուր Դանիելյանն էլ չի ունենա, վստահ եմ՝ էս մասին նրանք կխոսեն։ Կտեսնենք առանց մանդատի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին։
Չարժե պահանջել Ալեն Սիմոնյանի հրաժարականը․ ի՞նչ տարբերություն նա ԱԺ փոխնախագահ է, թե վարչապետ։ ՀՀ-ում ամեն ինչ որոշում է վարչապետը։ Իմաստ չկա հրաժարական պահանջել, նորմալ իշխանությունը տեղում կդադարեցներ լիազորությունները, անկախ հանգամանքներից։ Իսկ այս իշխանությունը ստի, կեղծիքի, պոպուլիզմի իշխանություն է։ Նմանատիպ «տղամարդիկ» շատ քիչ են, ովքեր պատրաստ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով նման հայհոյանք լսել ու ձայն չհանել։ Ալենը շատ լավ իր ֆունկցիան կատարում է, իսկ ինչի՞ պետք է հրաժարվեն այդ մարդուց։ Նիկոլ Փաշինյանը հատել է բոլոր տեսակի հավանական գծերը։ Իշխանափոխությունից հետո կտրվի քրեաիրավական և բարոյական գնահատական այս ամենին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը