Ռուսական Комсомольская правда թերթը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հոդված է հրապարակել, որում ասվում է․
«Երբ 2018-ին Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի տարով դատապարտվել էր 2008թ․ մասսայական անկարգություններ կազմակերպելու համար, նրա «քաղաքական թշնամիների» նկատմամբ արագ շեշտադրումներ կատարվեցին։
Նոր «արդարադատության» տակ ընկավ Ռոբերտ Քոչարյանը։ Նա Հայաստանը ղեկավարել է ամենադժվար տարիներին՝ 90-ականների վերջին և 2000-ականներին։ Սակայն նրան առանց դատարանի հրապարակավ մեղավոր հայտարարեցին 2008 թվականի մարտի մեկին «ժողովրդական բողոքի ակցիան» ճնշելու հարցում։
Ռոբերտ Քոչարյանը՝ որպես այն ժամանակվա պետության ղեկավար, պարտավոր էր Արտակարգ իրավիճակ մտցնել, որպեսզի ամբոխի արևմտյան «խորհրդատուների» կողմից «տաքացված» սահմանադրական կարգի տապալում թույլ չտա, և որպեսզի հայկական Մայդանին թույլ չտա ջարդերի ալիք բարձրացնել։ Իսկ այդ ալիքը անմիջապես հետևելու էր «ապստամբների» հաղթանակին։ Հայաստանի երկրորդ նախագահի օրինական գործողությունները թույլ տվեցին խուսափել մեծ արյունահեղությունից, որը կլիներ, եթե մտցված չլիներ արտակարգ դրությունը։
Արդեն 2008-ի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամկետը լրացավ, նա պաշտոնաթող եղավ։ Իսկ մարտին անկարգություններ հրահրողները, որոնց թվում էր ապագա վարչապետ Փաշինյանը, ազատազրկման դատապարտվեցին՝ պետական հեղաշրջման փորձի և մարդկանց հասցրած վնասների համար։
Բայց ահա անցավ 10 տարի, և արդեն Փաշինյանի օրոք նախկին նախագահ Քոչարյանին կալանավորում են․․․սահմանադրական կարգը տապալելու փորձի համար։ Մեղադրանքի աբսուրդայնությանն ուշադրություն են դարձրել Ռուսաստանում։ Մասնավորապես՝ ՌԴ Արտգործնախարարությունում։ Նաև Վլադիմիր Պուտինը բարոյապես աջակցել է իր նախկին գործընկերոջը և Երևանում հանդիպել Քոչարյանի ընտանիքի հետ, իսկ ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ ՀՀ երկրորդ նախագահի գործը ոչ թե քրեական, այլ քաղաքական բնույթ է կրում, ինչն ընդգծում է նաև հետևյալ փաստը․ աղմկահարույց գործի գրեթե 900 վկաներից ոչ մեկը չի հաստատել մեղադրանքի վարկածը, որ Քոչարյանը «մարդկանց վրա կրակելու» հրաման է տվել։ Հակառակը, կան կադրեր, որտեղ երևում է, որ ոստիկանների դեմ կրակը վարում են «ցուցարարները»։
Եզրակացությունն այսպիսին է․ ՀՀ նախկին նախագահն արդեն 500 օր է անցկացրել ճաղավանդակների մյուս կողմում, որտեղ կարող է դիմավորել իր 66-ամյակը։ Ընդ որում հայ հեղինակավոր քաղաքական գործիչները Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության կոմիտե են ստեղծել։ «Դաշնակցություն» կուսակցությունը նրա կալանավորումն անթույլատրելի է որակել։ Իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հորդորել է ազատ արձակել պետության նախկին ղեկավարին։ Չի օգնել անգամ ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղերձը բոլոր երկրների իշխանություններին՝ ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին, ովքեր 60-ից ավելի տարեկան են։
Կարծես թե ՀՀ ներկա իշխանությունները վստահ են, որ վրեժը ճաշատեսակ է, որը սառն են մատուցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը