28 04 2020

«Սեռական կողմնորոշում» հասկացությունն այսուհետ՝ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի համակարգում. Արա Զոհրաբյան

«Սեռական կողմնորոշում» հասկացությունն այսուհետ՝ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի համակարգում. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցն արդեն Ազգային ժողովում է: Այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին:

Թե կոնվենցիայի կիրառումը գործնականում ինչ հետևանքներ կարող է առաջացնել, ներկայացնում է սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը Narineh Nersisyan (հղումը մեկնաբանություններում, անպայման կարդացեք):

Առանց իրավական վերլուծության ենթարկելու նշված կոնվենցիան, որպես քաղաքացի կներկայացնեմ մի քանի դիտարկում՝

1. Կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվում «սեռական կողմնորոշում» հասկացությունը:

2. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը և բացի այդ, ըստ էության «ընտանիք» հասկացությանն էր հավասարեցրել նաև նույնասեռականների միությունը:

3. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Երեխաների որդեգրման մասին կոնվենցիայի վավերացումը: Հայաստանն այս կոնվենցիան ստորագրել է 2008թ. նոյեմբերի 27-ին: Այս կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետություններն ազատ են կոնվենցիայի գործողությունը տարածել նույն սեռի այն զույգերի նկատմամբ, ովքեր ամուսնացել են կամ գրանցել են իրենց զուգընկերությունը (partnership): Պետություններն ազատ են նաև Կոնվենցիայի գործողությունը տարածել տարբեր կամ նույն սեռի զույգերի նկատմամբ ովքեր միասին են բնակվում և ունեն կայուն հարաբերություններ:

4. Հիշում ենք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր նախագծի մասին, որով առաջարկում էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (https://www.e-draft.am/projects/2008/about ): Նախարարությունն առաջարկել էր «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաև «զուգընկեր»-ը, որի տակ նախարարությունը հասկանում է «միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Ի դեպ, տեղեկացնեմ, որ փաստացի ամուսնության մեջ գտնվող, սակայն չգրանցված տարբեր սեռերի անձանց նույն օրենքը համարում էր ամուսիններ, ոչ թե՝ զուգընկերներ: Հետևաբար նախագծով առաջարկվող զուգընկերը լրիվ այլ հասկացություն է:

Հ.Գ. Պետք է պայքարել բռնությունների դեմ և պետք է երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, բայց դա պետք է այնպես կազմակերպել, որպեսզի չոչնչացնենք ընտանիք ինստիտուտը և մեր երեխաների մանկությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ