28 04 2020

Մեր հաշվարկներով մինիմում մեկ տարի այս ճգնաժամի մեջ ենք լինելու. Նիկոլ Փաշինյան

Մեր հաշվարկներով մինիմում մեկ տարի այս ճգնաժամի մեջ ենք լինելու. Նիկոլ Փաշինյան

Հիմա ո՞վ կարող է ասել, թե որքան է տևելու կորոնավիրուսի այս ճգնաժամը. ես օրինակ, կարող եմ ասել, որ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի, մինչև մյուս տարվա մարտ մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու: Այս մասին  ապրիլի 28-ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին. «Հետևաբար, եթե ասենք, որ ամբողջ ճգնաժամի ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, դա նշանակում է ասենք, որ երկրում հոսանք չի լինելու»:

Նա նշեց, որ հակաժգնաժամային 11-րդ և 12-րդ միջոցառումների շահառուների հոսանքն ու գազը չի անջատվել, խոսքը 300 հազար բաժանորդների մասին է: «Ամբողջ խնդիրն այն է, որ իրական կարիք ունեցողներին մենք չենք կարողացել տեղորոշել: Մենք ենթադրում ենք, որ այն 4300 բաժանորդների առնվազն մի մասը, որոնց հոսանքն անջատել ենք, կարիքավորներ են: Մենք պետք է գտնենք նրանց և նրանց կարիքները հոգանք: Մեր նպատակն է, որ այն մարդիկ, որոնք իսկապես ունեն սոցիալական պրոբլեմ, օգնենք նրանց վճարելու իրենց վարձերը, իսկ նրանք, որոնք ունեն հնարավորություն վճարելու, իրենց չօգնենք»:

Վարչապետն անդրադարձավ այն հարցին, որ կառավարությունը խոստացել էր, որ արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն լինելու, իսկ հիմա իր խոսքը չի պահում, նշելով. «Եթե մեր հայտարարածը 100 տոկոսով իրականություն չի դարձել, դա էլ համարեք մեր պատասխանատվությունը: Ուրեմն էդքանով մենք վատ իշխանություն ենք, էդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների համար: Ես մի տարի եմ ասում, կարող է ավելի երկար տևի ճգնաժամը: Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ բոլորս տուժելու են՝ երկիրը, կառավարությունը, քաղաքական վստահելիությունը: Ճգնաժամը ամեն հաջորդ պահին նոր մարտահրավերներ է դենում և մենք պետք է դրանք լուծենք: Փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն  կարողանում վճարել իրենց մատակարարներին ու աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր: Դրա հետևանքով առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ: Բայց ամենակարևոր ռիսկն այն է, որ համակարգը կարող է քանդվել: Այսինքն կարող է խոսք լինել ոչ թե 5 հազար, 10 հազար մարդու հոսանքն անջատելու մասին, այլ ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի: Հետևաբար, գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ հազար կամ  5 հազար քաղաքացու հոսանքն անջատենք, թե չանջատենք, այլ նրա մեջ է՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելու է, թե չի լինելու: Այդ հարցը մեր առջև դնում էր ՀԾԿՀ-ն: Այս պայմաններում մենք համաձայնություն տվեցինք, որ Հանձնաժողովն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ են եղել համակարգ. «Այսինքն առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, բայց մտածում էին՝ որ չեն անջատելու, չվճարենք: Ընդ որում, դրանց մեջ կան խոշոր բաժանորդներ: Մենք սրանով համակարգը փրկեցինք կոլապսից: Այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում, նրանց հոսանքն, այո, պետք է անջատվի: Հակառակ դեպքում կստացվի, որ անապահովների շվաքի տակ էդ մարդիկ փողը գրպաններում պահում են, որ իրենց տաք լինի կամ բիզնես ունեն, տանում են էդ բիզնեսի մեջ դնեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ