27 04 2020

Անձը վաճառում է առհասարակ չթույլատրված շենքի մակերեսները․ Սարհատ Պետրոսյան

Անձը վաճառում է առհասարակ չթույլատրված շենքի մակերեսները․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դժբախտաբար, մեզ այդպես էլ չի հաջողվում շինթույլտվությունների մասով (և ոչ միայն) բարեփոխումներ անել, բայց, միեւնույն ժամանակ, մեծ թափ են հավաքում տարբեր չափերի կառուցապատման նախագծեր, որոնք լայնորեն գովազդվում են տարբեր միջոցներով։ Հաճախ են հանդիպում կոնկրետ առաջարկների մասին հայտարարություններ, որոնց վերաբերյալ եղած տեղեկություններով՝ դրանք դեռեւս համաձայնեցված չեն։

Այսինքն, մենք ունենք իրավիճակ, երբ ինչ­որ մի անձ կնքում է պայմանագիր ու վաճառում ոչ միայն գոյություն չունեցող, այլեւ առհասարակ չթույլատրված շենքի մակերեսները։

Ի դեպ, այս խնդիրը լուծելու համար մոտ հինգ տարի առաջ ներմուծվեց բնակարանի գնման իրավունքի ինստիտուտը, որով համայնքի կողմից համաձայնեցված և շինարարության թույլտվություն ունեցող նախագծերը գրանցվում էին անշարժ գույքի պետական ռեգիստրում, որով պետությունը վերահսկում և երաշխավորում էր կառուցվող գույքի նկատմամբ իրավունքը։ Սակայն ինձ/մեզ հայտնի բազմաթիվ շենքեր այսօր գովազդվում և վաճառվում են առանց նման գրանցումների, ինչը հղի է լուրջ հետևանքներով։

Նկատի ունենալով, որ մոտ ժամանակներս պետական համապատասխան մարմիններից որևէ մեկը (քաղաքաշինություն կամ կադաստր) դժվար թե այս խնդրին անդրադառնա, Ազգային ժողովի և կառավարության այլ գործընկերների առաջարկում եմ արագ քայլեր ձեռնարկել սրա դեմն առնելու համար։ Հակառակ դեպքում ունենալու ենք անբարեխիղճ կառուցապատողին խաբված բազմաթիվ քաղաքացիներ։

Օրինակ, կարող ենք սկսել գովազդի վրա պատշաճ հսկողություն սահմանելով, պահանջելով անպայման նշել շինթույլտվության առկայությունն ու տվյալները (ինչպես առողջապահության ոլորտում է իրականացվում), կամ արգելել առհասարակ դրանց գովազդը։

Հիշեցնեմ, որ հիմա էլ կան բազմաթիվ նման խաբված քաղաքացիներ, որոնք ժամանակին, երբ չկար գնման իրավունքի ինստիտուտը, վճարել են՝ իմանալով, որ ձեռք են բերել անշարժ գույք, իսկ հետո պարզել, որ իրենք մեկն են բազմաթիվ գնորդներից, և կան «ավելի առաջնային» ձեռքբերողներ։

Նման փոքր հարցերը եթե չլուծենք հիմա, ապագայում բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ