Եթե 2015-ին եւ 2016-ին ՄԻՊ-ին ուղղված եղել է 5000-ից մի փոքր ավելի բողոք, ապա 2019-ին այդ թիվը կազմել է 13 140 բողոք: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա խոսքով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարության գործող միջազգային անկախ հանձնախումբը 2019-ին վերջնականապես վերահաստատել է ՀՀ ՄԻՊ-ի միջազգային A կարգավիճակը. «Հանձնախմբի հրապարակված դիրքորոշման մեջ հատուկ նշում է արվում, որ կարեւոր ձեռբերումներից է Հայաստանի ՄԻ պաշտպանի գործունեության օբյեկտիվ հրապարակային դիրքորոշումները զգայուն հարցերի վերաբերյալ: Սա միջազգային բարձր ճանաչում է, որովհետեւ երկրներից ոչ բոլորն ունեն այս կարգավիճակը: Հայաստանի ՄԻՊ-ը անդամակցում է միջազգային կառույցների բյուրոներում, կառավարման խորհուրդներում»,-ասաց նա:
Թաթոյանը նաեւ հավելեց, որ ամերիկյան հայտնի Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն Հայաստանի ՄԻ պաշտպանն ունի 63 տոկոս վստահություն բնակչության շրջանում: Բացի այդ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցներից մեկի համաձայն հանրության ընկալումներում ամենաչկոռումպացված մարմինը ՄԻՊ-ի հաստատությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը