24 04 2020

Անպատժելիութան դեպքում ցեղասպանը ենթադրում է՝ կարող է անպատիժ մնալ․ ԱԳՆ

Անպատժելիութան դեպքում ցեղասպանը ենթադրում է՝ կարող է անպատիժ մնալ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի լայն հարցազրույցի ժամանակ նշեց. «Մենք խոնարհում ենք մեր գլուխները, սակայն չենք լռում»:

«Իրականում մենք պետք է մեզ հաղթող զգանք: 105 տարի առաջ մեզ ցանկանում էին ոչնչացնել: Մենք ամուր կանգնած ենք ոտքի վրա: Մեզ հաջողվեց պաշտպանել մեր ինքնությունը, ստեղծել պետություն, հզոր Սփյուռք: Դա մեր պատասխանն է հանցագործներին»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների 4-5 սերունդ  կա, եւ մինչ այժմ չի վերականգնվել արդարությունը: «Դա նշանակում է, որ վերքը շատ խորն է: Մեր եւ այլ ազգերի համար չափազանց կարեւոր է ցեղասպանությունների կրկնությունը թույլ չտալը: Եվ երիտասարդ սերունդը պետք է հասկանա, որ պետության ամրապնդումը պաշտպանություն է նման ոտնձգություններից: Հայաստանը շարունակում է աշխատանքն ազգային եւ միջազգային մակարդակով՝ նպատակ ունենալով կանխել ցեղասպանություններն ու զանգվածային հանցագործությունները: Անհրաժեշտ է վաղ փուլում վերհանել նախանշանները, որոնք հանգեցնում են ցեղասպանության՝ մարդու իրավունքների խախտումը, խտրականությունը, քսենոֆոբիան»,-նշել է նախարարը:

«Մենք դեռեւս պայքարում ենք մերժման եւ անօրինականության դեմ: Անօրինականությունը ծնում է հանցավոր հույս, որ կարող է խուսափել պատժից։ Անպատժելիությունը բերում է նրան, որ պոտենցիալ ցեղասպանը ենթադրում է, որ կարող է անպատիժ մնալ»,- ասաց Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը նաև նշել է՝ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 69 հազար, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 22 հազար հայրենակից:

«Ախարհագրությունը շատ լայն է, իսկ հայրենիք վերադառնալու գործընթացը շարունակվում է»։

Խոսելով ինքնամեկուսացման պայմաններում իր աշխատանքի մասին՝ նախարարը նշել է, որ կառավարության եւ խորհրդարանի համար աշխատանքը շարունակվում է: «Պահպանելով բոլոր պահանջները՝ սոցիալական հեռավորությունն ու մշտական ախտահանումը: Սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ սպառնալիքն ազդի մեր աշխատանքի վրա»,-ընդգծել է ԱԳ նախարարը:

Խոսելով իր աշխատանքում ընդհանուր առմամբ ամենամեծ դժվարության մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ամենալուրջ մարտահրավերն իր համար պատասխանելն է սեփական հարցին՝ արդյո՞ք արել է առավելագույնն իր հնարավորությունների սահմաններում:

Պատասխանելով հարցին՝ ինչպես կփոխվի աշխարհը պանդեմիայից հետո՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ պանդեմիան ցուցադրել է երկրների խոցելիությունը եւ միաժամանակ փոխադարձ կապը:Եւ չնայած կորոնավիրուսի պանդեմիան բարդ է՝ անհրաժեշտ է կենտրոնանալ եւ փնտրել աշխատելու, ստեղծելու, պետություն կառուցելու ուղիներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ