ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հայ ժողովրդին միանում են նաև մեր բարեկամները և ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակին:
105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին: Մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին:
Այսօր մենք աշխարհի բոլոր անկյուններում վստահաբար բարձրաձայնում ենք՝ «Հիշում եմ և պահանջում»: Այս ուղերձը հնչելու է այնքան ժամանակ մինչև պատմական արդարությունը չի վերականգնվել, չի վերացել անպատժելիության պատրանքը և ճշմարտությունը չի հաղթել:
Ապրիլի 24-ը հարգանքի, հիշատակի ու պահանջի, ինչպես նաև վերագնահատման, վերակառուցման ու վերածննդի օր է մեզ համար: Չնայած ցեղասպանության ծանր հարվածին, մենք ապրել ենք, պայքարել ու մաքառել, բազում գործեր ենք կատարել ամուր և հարատև պետականություն կառուցելու համար, կերտել ենք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, կենսունակ հայկական Սփյուռք: Բայց էլ ավելի մեծ ջանք, եռանդ ու աշխատանք պետք է ներդնենք՝ հզորացնելու և զարգացնելու մեր Հայրենիքը, և որևէ կասկած չկա, որ հաջողելու ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը