20 04 2020

Նա, ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի․ Նիկոլ Փաշինյան

Նա, ով  չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր մտել։ «Լայվում» վարչապետը նշեց․

«2 տարվա իմ  վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան ես չեմ տրվել  «կիսելու» այդ տրամաբանությանը եւ դրա պատճառով էլ դժգոհությունը տարածվում է։ Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը, նրանք՝ ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք ովքեր ուզում էին մեծացնեին իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը:  Ինձ շատ հաճախ բիզնեսմենները ասում են՝ ինչով կարող ենք օգտակար լինել, ես ասում եմ՝ աշխատեք, հարկերը վճարեք, իսկ նրանք զարմանում են, որովհետեւ 30 տարի այս երկրում իշխել է մաֆիոզ  մտածողությունը՝ ինչ արտոնություններ ունես դու հասարակության մեջ։ Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ։

Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով  չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»,- ասաց նա՝ նշելով, որ հեղափոխությունից 2 տարի անց շատերն իրեն մեղադրում են թավիշի մեջ  եւ նախկին կոռումպացված  համակարգի աշխատողներին կադրային ջարդի չենթարկելու մեջ:

«Բայց այդ մեղադրողները մոռանում են, հենց դա է մեր հեղափոխության գաղափարախոսությունը, որ կադրային ջարդ չի լինելու, վենդետա չի լինելու, եւ որ բոլորը փոխվելու շանս են ունենալու: Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը։ Շատերը կարծում են, որ դա հնարավոր չէ, սակայն դա հոռետեսական մոտեցում է։ Եթե այդպես է՝ ինչպես եղավ, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ ընտրակաշառք էին վերցնում  եւ ընտրում, փոխվեցին: Կային մարդիկ, որոնք օգտվեին այդ շանսից, իսկ ոմանք չգտվեցին: Ովքեր օգտվեցին այդ շանսից պետք է վայելեն արդյունքը, իսկ ովքեր չօգտվեցին, պետք է դուրս շպրտվեն համակարգից, հիմա այդ ժամանակն է: Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, էմոցիոնալ հեղափոխություն էր, իսկ հիմա տեղի է ունենում իրական հեղափոխությունը, երբ պետք է հասկանանք, թե որքանով է փոխվել յուրաքանչյուրը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց․ «Այսօր մեզ մեղադրում են ատելություն  սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք  մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը: Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայհոյանքները ավելացել են, որովհետեւ կոռուպցիոն գործերով կան որոշակի արդյունքներ, ինչի պատճառով նախկինները «հիստերիայի» մեջ են:

«Պատճառը նաեւ «Ապօրինի ծագման գույքի  բռնագանձման մասին» օրենքի ընդունումն է վերջին փոփոխություններն են. «Հեսա կորոնավիրուսային Սահմանադրական դատարանի հերթն էլ է գալու, որին փրկեց միայն կորոնավիրուսը, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք»:

Անդրադառնալով Հ1-ի ուղիղ միացումից առաջ փորձնական կադրերի արտահոսքին՝ վարչապետը նշեց, որ  իրեն զարմացրել է իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքը:

«Սովետական մտածողություն է, երբ  մտածում էին, որ դասատուն չի քնում, զուգարան չի գնում»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել շատ վատ բան, բայց դա վերաբերում է ոչ թե կադրերի բովանդակությանը, այլ դրանք հրապարակողների արարքին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ