17 04 2020

Ինչո՞ւ արագ տեղի ունեցավ «հեղափոխության» բարոյական վախճանը․ Գարեգին Պետրոսյան

Ինչո՞ւ արագ տեղի ունեցավ «հեղափոխության» բարոյական վախճանը․ Գարեգին Պետրոսյան

Հասարակական գործիչ Գարեգին Պետրոսյանը գրում է․

«Որքան ցանկանում եմ պարզել՝ ինչո՞ւ այսքան արագ տեղի ունեցավ հայաստանյան «հեղափոխության» բարոյական վախճանը, գալիս եմ այն եզրահանգման, որ այն տեղի ունեցավ հռչակված գաղափարների և լոզունգների սնանկության պատճառով: Այն ժամանակ, երբ սերը, հանդուրժողականությունն ու թավիշը դարձան կամայական կիրառման գործիքներ և խստագույնս ենթարկեցվեցին քաղաքական նպատակահարմարություններին: Իսկ գաղափարներն այդպես չեն ապրեցնում:

Ընդհանրապես, լավ կլիներ, որպեսզի «թավշյա աշտարակաշինության» բոլոր մակարդակի շահառուները Բաբելոնյան աշտարակաշինության պատմությանը նորից ծանոթանային, փորձեին հասկանալ, թե որտե՞ղ և ինչո՞ւ ընդհատվեց պատմությունը: Գուցե գտնեին նաև հարցի պատասխանը, թե որտե՞ղ արձանագրվեց «թավշյա աշտարակաշինության» վախճանը: Տերը, հասանալով, որ վեր բարձրացողները ոչ թե կատարելության են ձգտում, այլ փառքի, խառնեց լեզուները, և մարդիկ դադարեցին միմյանց հասկանալ: Տերը տարանջատեց, որ մարդիկ ոչ թե երկինք խորանան, այլ իրենք իրենց մեջ խորհելու և վերագնահատելու հնարավորություն ստանան:

Թեև համակողմանի խորհելու կարիք բոլորս ունենք, որպեսզի գոնե դրանով փորձենք նվազեցնել ապագայում սխալվելու հավանականությունը:

Քաղաքական ցանկացած փոփոխություն, եթե չունի իր մեջ ապրեցնող գաղափար, ենթակա է վախճանի: Ֆրանսիական հեղափոխությունը հրաշալի կերպով մատուցել է այս դասը, և միայն «անվիճարկելի դուխով»-ները կարող էին արհամարել այն:

1789 թվականին ֆրանսիական հեղափոխությունը աշխարհին պարզեց 3 գաղափար` ազատություն, հավասարություն, եղբայրություն: Թե ինչ եղավ հետո հեղափոխականների հետ, ամենադիպուկն իրենք` ֆրանսիացիներն են բնորոշել` հեղափոխությունը խժռեց իր զավակներին, բայց միայն զավակներին: Հեղափոխականները գնացին, հռչակված գաղափարները մնացին: Այսօր էլ՝ 230 տարի անց, երբ շարքային ֆրանսիացուն հարցնենք՝ որն է քո կեցության անքակտելի ուղեկիցը, մեծ հավանականությամբ կպատասխանի՝ ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը:

Ո՞վ է գնալու, ի՞նչն է մնալու հարցը Հայաստանի պարագայում նույնիսկ ավելորդ է հնչեցնել. գնալու են գրկախառնված՝ և՛ «հեղափոխականները», և՛ սնանկ գաղափարները, իսկ շատ-շատերն ուղղակի ստիպված են լինելու դեռ երար ժամանակ կրկնել, որ ամենամեծ կորուստը ժամանակի կորուստն է…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ