Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար:
Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»:
«Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար»,- գրված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը