15 04 2020

Դեռ ինչքա՞ն է պատրաստվում մեր հանրությունը հանդուրժել մեր ազգային ու պետական արժեքների ավերումը. Կարեն Բեքարյան

Դեռ ինչքա՞ն է պատրաստվում մեր հանրությունը հանդուրժել մեր ազգային ու պետական արժեքների ավերումը. Կարեն Բեքարյան

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու անհրաժեշտության մասին Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարությունից հետո նրա դեմ իշխանական թևից հնչող քննադատության, սկսված արշավի մասին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այս իշխանությունը չունի արժեքներ, չի էլ ունեցել…

Այո՛, սիրելի հայրենակիցներ, չի էլ ունեցել...

Ուղղակի շատերին թվացել է, որ շատ խոսողը, աղմկողը՝ պետք է բառի, խոսքի, մտքի արժեքն իմանա: Բայց ընդամենը՝ թվացել է:

Երկու տարում ասվածն ու արվածը, ասվածն ու չարվածը, ասվածն ու հակառակն արվածը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ խոսքն արժեք չունի, բովանդակային կյանք էլ չունի, աղմուկ է, միայն աղմուկ՝ ճանապարհին ցանկացած տրամաբանություն ու գիտակցություն ավիրող աղմուկ…

Ուղղակի շատերին թվացել է, որ խորովածը, լավաշը, սննդի ազգայինը (կամ՝ ազգայինն էլ) սիրողը՝ պետք է ազգայինի հանդեպ, առնվազն, տարրական հարգանք ունենա: Բայց ընդամենը թվացել է: Երկու տարում ազգային արժեքների ու ինստիտուտների նկատմամբ տարաբնույթ հարձակումներն ու պախարակումը, ազգային արժանապատվության հենասյուների թիրախավորումը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ ազգայինը սրանց համար արժեք չէ, լավագույն դեպքում՝ սնունդ է միայն, սպառողի ապրանք՝ ենթակա միայն առևտրի և մարսման...

Ուղղակի շատերին թվացել է, որ իշխանության ձգտողը՝ պետք է պետական ինստիտուտների դերն ու նշանակությունը հասկանա ու հարգի, սեփական երկրի հերոսական ճանապարհից ուժ ստանա ու հերոսների հանդեպ ակնածանք տածի:

Բայց ընդամենը թվացել է: Երկու տարում մեր հաղթանակների առիթ-անառիթ, ուղղակի-անուղղակի արժեզրկումները, ապրիլյան պատերազմին մայիսյան «մասնակցությունը» անամոթաբար թմբկահարելն ու սեփական «կենսագրության» մեջ ներառելը, ազգային ու պետական գործիչների նկատմամբ անձնական վրեժխնդրությունից, նախանձից, խանդից զատ- այլ զգացողություններ չունենալը, ապրիլյան հաղթանակը քննող հանձնաժողովի ստեղծումը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ այս մարդկանց համար պետականը, ազգայինը, հաղթանակներն ու հերոսները արժեք չեն:

Թիրախ են միայն, քանի որ նրանց գոյության պարագայում՝ սեփական չկայացվածությունը, սեփական ժողովրդի վրա վաճառելն օր-օրի ավելի է բարդանում…

Ուղղակի շատերին թվացել է, որ երկրի իշխանությունը պետք է սեփական հանրությանը միավորող լինի, ազգային համախմբման դարերի ներուժ ունեցող ինստիտուտները փայփայող լինի: Բայց ընդամենը թվացել է: Երկու տարում տարածված ատելության խոսքի չափաբաժինը, անափ ինքնահավանությունն ու ոչ կոմպետենտությունը, ցանկացած հարցում սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնելը, դուրսպրծուկի տգետ ցինիզմով ցանկացած տարբերվող կարծիքի թիրախավորումը՝ չե՞ն հուշել ու հուշում, չե՞ն աղաղակում, որ այս մարդկանց միավորողը գաղափարները չեն, սեփական երկրի զարգազման տեսլականը չէ, մարդկանց խնդիրներն ու կարիքները չեն: Այս մարդկանց հետաքրքրում է միայն սեփական շոուի «տոմսերի վաճառքը»: Գնորդի դերում էլ՝ մեր հանրությունն է: Երբ որևէ մեկը նրբորեն ակնարկում է, որ լավ կլիներ «թագավորը շոր հագներ», դառնում է թշնամի ու թիրախ: Այս մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, որ օրինակ՝ Կաթողիկոսի մոտեցումը կարող է որևէ հարցում տարբերվել իրենց շոուի սցենարից: Չեն պատկերացնում ու չեն հանդուրժում…

Այս իշխանությունը չունի արժեքներ, չի էլ ունեցել…

Իրական հարցերն այլ դաշտում են.

1. դեռ ինչքա՞ն է պատրաստվում մեր հանրությունը հանդուրժել մեր ազգային ու պետական արժեքների ավերումը,

2. ժամանակը չէ՞, որ մեր հանրության այն ներկայացուցիչները, ովքեր հավատացել են կամ հույսեր ունեցել այս իշխանության հետ, իրենք՝ իրենց, ապա նաև՝ բարձրաձայն խոստովանեն, որ իրենց թվացել է...

3. ժամանակը չէ՞- այդ շոուի տոմսերը չգնելու և ավելին, գնածն էլ՝ վերադարձնելու,

4. պետության իմունիտետը դեռ ինչքա՞ն կդիմանա:

Եվ վերջապես, այս իշխանությունը չունի արժեքներ, իսկ մեր հանրությու՞նը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ