7or.am-ը գրում է. 2020-ի մարտի 1-ը 2008-ի մարտի 1-ի պես ստացվեց։ Գլխավոր գործող անձը կրկին Նիկոլ Փաշինյանն էր։ Գին վճարողը՝ ՀՀ քաղաքացին։
2008-ի մարտի 1-ին նա մարդկանց կոչ էր անում հավաքվել ու բանի տեղ չդնել վտանգը։ Նիկոլի նպատակն իշխանությունն էր։ Գործիքը՝ սադրանքն ու ատելության քարոզը։ Օգտագործվող մատերիալը՝ իրեն հավատացող ամբոխը։
Նա մարդկանց տարավ կրակի բերան, որպեսզի իր նպատակին հասնի։ Հենց տեսավ, որ չի ստացվում, ծլկեց դեպքի վայրից՝ հետևում թողնելով 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։
2020-ի մարտի 1-ին էլ ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն բանն ունեցանք։ Այդ օրը հայտնաբերվեց կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, բայց Փաշինյանը, հանուն իր իշխանության ընդլայնման, մարդկանց կոչ արեց մեծ խմբերով հավաքվել, շան տեղ չդնել կորոնավիրուսը և լսել իր ատելության քարոզը։
«Այո»-ի քարոզի շրջանակներում Նիկոլը մարդկանց կրկին տարավ կրակի բերան՝ մեծացնելով վարակվելու և վարակելու հավանականությունը։ Նա ու իր նախարարը մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դրեցին, թե բա կորոնավիրուսը գրիպի պես մի բան է ու հատուկ միջոցառումների կարիք չկա։
Այսօրվա դրությամբ ունենք արդեն կորոնավիրուսով վարակված 937 մարդ և 11 մահացած։ Սրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, քանզի մարդկանց կյանքի ու առողջության համար մտահոգվելու փոխարեն՝ մտահոգված էր ՍԴ-ն սեփականաշնորհելու ծրագրով։ Նա հանուն իր նեղ շահի՝ վտանգի տակ դրեց մարդկանց կյանքն ու առողջությունը։ Ինչպես որ 2008-ի մարտի 1-ին։
Հարցն այն չէ, որ կորոնավիրուսը շրջանցելու էր Հայաստանը։ Չէր շրջանցելու։ Բայց եթե Նիկոլը ժամանակին մտցներ արտակարգ դրությունը, զբաղվեր կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով ու անհրաժեշտ քայլերն իրականացներ, ապա այդ մահերից շատերը կարող էին չլինել։
Եվ այսպես, և՛ 2008-ի, և՛ 2020-ի մարտի 1-երին Նիկոլի վարքագիծը կյանքի ու առողջության գին է արժեցել մարդկանց համար։ Եթե 2008-ին արտակարգ դրությունն ուշ մտցվեր, ապա զոհերն ու վիրավորներն ավելի շատ կլինեին, քանզի Նիկոլն ամեն ինչ անում էր լարվածությունը մեծացնելու համար։
2008-ին Նիկոլի արածների դեմ արտակարգ դրություն մտցվեց, իսկ 2020-ին արդեն նա հանցավոր անգործություն դրսևորեց, ու միայն հանրային ճնշման արդյունքում արտակարգ դրություն մտցրեց։ Նիկոլն ուշացրեց, ինչը ողբերգական արդյունքների հանգեցրեց։ Բայց դա իր համար զրոյական արժեք ունի։ 2008-ին փախնելու տեղերը գիտեր, 2020-ին էլ։ Մի դեպքում գնաց ընկերոջ զոքանչի տուն, մյուս դեպքում՝ Սևան։ Թեստավորվելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը