08 04 2020

«Մեդիա պաշտպան»-ը հույս է հայտնում, որ իշխանությունները ականջալուր չեն լինի առաջին նախագահի հորդորներին

«Մեդիա պաշտպան»-ը հույս է հայտնում, որ իշխանությունները ականջալուր չեն լինի առաջին նախագահի հորդորներին

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ նշել է․ «մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ»։

Տեր-Պետրոսյանը, փաստորեն, խորացնում է հասարակության որոշ շերտերի մոտ առկա այն թյուր կարծիքը, որ լրատվամիջոցները ընդամենը քարոզչամիջոցներ են, որոնք գտնվում են այս կամ այն քաղաքական ուժի ազդեցության տակ։ Այսպիսի պնդումները նսեմացնում են ազատ մամուլի դերը Հայաստանի Հանրապետությունում՝նրանց լուր տարածողից իջեցնելով մինչեւ քաղաքականության գործիքի մակարդակի։ Առաջին նախագահը շարունակում է․ «Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները։ Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային»։

Արտակարգ դրությունը հայտարարելիս, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մամուլի հանդեպ սահմանափակումներ էր նախատեսել, որոնք արժանացան թե՛ մեր հասարակության, թե՛ միջազգային հանրության շատ կոշտ արձագանքին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է իշխանություններից շատ ավելի կոշտ մոտեցում, քան նրանք էին որդեգրել։ Նա նաև հույս է հայտնում, որ «Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը»։ Փաստորեն, Տեր-Պետրոսյանը չի ընդունում, որ Հայստանում կա ազատ մամուլ, եւ եթե լրատվամիջոցները հայտնում են պաշտոնականից տարբերվող, կամ նրան հակասող լրատվություն, ապա նրանք գտնվում են երկրորդ կամ երրորդ նախագահի վերահսկողության տակ։ Քաղաքական այսպիսի պարզունակացումը ոչ միայն ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որն իշխանության գալու առաջին իսկ օրվանից լծվել է պայքարի այն լրատվամիջոցների դեմ, որոնք իր կողմից չեն վերահսկվում, այլեւ իրեն նեղություն էլ չի տալիս թերթել այն քարոզչամիջոցները, որոնք գտնվում են առաջին նախագահի վերահսկողության տակ, եւ որոնք ամենօրյա ռեժիմով թշնամանք ու քարոզչություն են տարածում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է հասարակությունը կոնսոլիդացնելու քողի տակ մամուլի նկատմամբ նման կոշտ հարձակումները եւ հույս է հայտնում, որ Հայաստանի գործող իշխանությունները ականջալուր չեն լինի առաջին նախագահի հորդորներին եւ հավատարիմ կմնան մամուլի ազատության իրենց սահմանադրական պարտականությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ